Սաուդյան Արաբիան Պաղեստինի ինքնավարությանը 100 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն կտրամադրի: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Ֆինանսական օգնության տրամադրման մասին հայտարարվել է այսօր` մեկ շաբաթ անց այն բանից, երբ Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավարը համապատասխան խնդրանքով դիմել էր թագավոր Աբդել Ազիզ Ալ-Սաուդին` Ջիդդայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Սաուդյան Արաբիայում Պաղեստինի դեսպան Ջամիլ Շոբակիի խոսքով` հանդիպման ընթացքում քննարկվել էր ինքնավարության ֆինանսական ճգնաժամի հարցը և այն, որ իշխանությունները չեն կարողանում վճարել բյուջետային աշխատակիցների աշխատավարձերը:
2011-ի աշնանը թագավորությունը Պաղեստինին արդեն տրամադրել է 200 միլիոն դոլար: «Հուսով ենք, որ մյուս երկրները կհետևեն մեր օրինակին»,- Reuters գործակալության փոխանցմամբ` ասել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Հասան Հաթիբան:
Պաղեստինը լուրջ ֆինանսական դժվարությունների մեջ է գտնվում: Ներկայում ինքնավարության արտաքին պարտքը կազմում է շուրջ 1,5 միլիարդ դոլար:









































