Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային հողի իշխանությունները 3.5 մլն եվրոյով Շվեյցարիայի իշխանություններից գնել են ավելի քան 1000 հարկերից խուսափողների մասին տեղեկատվությամբ սկավառակ, հաղորդում է Financial Times Deutschland-ը:
Ընդ որում՝ տարածաշրջանի ֆինանսների նախարարությունից այսօր այդ տեղեկությունը չեն հաստատել, ոչ էլ հերքել են:
Խոսքը Գերմանիայի ավելի քան 1000 ունևոր քաղաքացիների մասին է, որոնք ներդրումներ ունեն Շոտլանդիայի Թագավորական բանկի «դուստր» ընկերությունում՝ Coutts & Co AG-ի ցյուրիխյան մասնաճյուղում: Պարբերականի տվյալներով՝ ենթադրյալ իրավախախտների հաշիվներում պահվում են բազմամիլիոն գումարներ:
Այս պահին Գերմանիայի դաշնային հանրապետությունը 2010թ. Շվեյցարիայից գնված տեղեկությունների հիման վրա արդեն հետաքննություն է վարում հարկերից խուսափողների դեմ, որոնք եղել են Credit Suisse-ի հաճախորդները: Այդ ժամանակ այդպիսի տեղեկատվություն վաճառեց բանկի համակարգչային տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներից մեկը, որը Գերմանիայի իշխանություններից ստացավ 2.5 մլն եվրո: Ներկա գործարքի մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք՝ չորեքշաբթի տեղի ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Գերմանիայի հարկային ոստիկանությունը մեկ այլ գործով խուզարկություններ է անցկացնում Credit Suisse-ի հաճախորդների բնակարաններում: Գերմանիան տվյալներ ունի, որ շվեյցարական Credit Suisse Life կոնգլոմերատի դուստր ընկերությունն առաջարկել է հաճախորդների ներդրումները ձևակերպել որպես ապահովագրական ծախսեր: Նման պայմանագիր կնքած մարդկանց թիվը հասնում է 7000-ի: Նրանց մեծ մասը Գերմանիայի քաղաքացիներ են:







































