Վրաստանի ընդդիմության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին («Վրացական երազանք») հայտարարել է, որ 2008թ. պատերազմի համար մեղավոր է երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը:
«Մեկ մարդու չմտածված գործողությունները հանգեցրել են 2008թ. պատերազմին»,- ասել է նա «Տրիալետի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նկատի ունենալով Սաակաշվիլիին:
«Ինձ անընդհատ մեղադրում են, թե ես ասել եմ, որ պատերազմը սկսել է Վրաստանը, բայց ես այդպես չեմ արտահայտվել: Վրաստանը չէր էլ կարող սկսել պատերազմը իր իսկ տարածքում: Ես մեղադրում եմ Սաակաշվիլիին չմտածված գործողությունների մեջ: Ես չեմ ասում, որ Վրաստանը պատերազմ է սկսել, ինչպես որ դա փորձում են ներկայացնել իշխանությունները… ես մեղադրում եմ մեկ մարդու և նրա գաղափարախոսությունը. դա Սաակաշվիլին է, որն իրեն սխալ դրսևորեց 2008թ. օգոստոսին»,- ասել է Իվանիշվիլին:
Իվանիշվիլիի խոսքերով՝ միակ ճիշտ բանը, որ նա կարող էր անել, կլիներ դիտորդներ կանչել ԱՄՆ-ից, Եվրոպայից, մոնիտորինգ սկսել, տարհանել առնվազն 100 ընտանիք, և գործընթացը դրանով խաղաղ կարգավորում կստանար: «Սաակաշվիլին այդպես չգործեց, լավ չմտածեց, չծրագրավորեց, և ահա արդյունքը»,- ասել է նա:
Իվանիշվիլին ասել է, որ խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակի դեպքում ինքը կկարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ձգտումների հաշվին:
«Մտածող մարդը ընտրում է լավագույնը: Առայժմ մարդկությունը ավելի լավ բան չի մտածել, քան Եվրատլանտյան ինտեգրումը»,- ավելացրել է Իվանիշվիլին:








































