Արդեն մի քանի օր քաղաքի կենտրոնական հատվածում, մասնավորապես Բաղրամյան պողոտայում, մեկնարկած ասֆալտապատման աշխատանքները ցերեկային ժամերին կաթվածահար են անում Երևանի երթևեկությունը` ամառային տապին վարորդներին ստիպելով խցանումների մեջ տևական ժամանակով սպասել: Ինչպես և նախկինում, համաշխարհային փորձը, հասարակական կազմակերպությունների առաջարկներն անտեսելով` աշխատանքները կազմակերպվում են ցերեկային ժամերին և առանց հերթականության:
Հայաստանի սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանի կարծիքով` քաղաքապետարանը միշտ «լակիրովկա» է անում` իր կազմակերպած աշխատանքը լավ լույսով ներկայացնելով: «Երեկ ներկայացրեցին աշխատանքի ընթացքը և ասացին, որ գիշերը նպատակահարմար չէ աշխատել, քանի որ խանգարող հանգամանք կա: Ես կատեգորիկ դեմ եմ, այդ աշխատանքները պետք է կազմակերպել երեք հերթով, որպեսզի անընդհատ աշխատեն, այդ թվում՝ նաև գիշերը. այդ ժամին շատ ավելի հարմար և հաճելի եղանակ է, ասֆալտի հետ աշխատողի համար շատ ավելի հիգիենիկ է»,- մեկնաբանեց Արմեն Պողոսյանը: Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ասֆալտապատման աշխատանքների լավագույն կազմակերպման ձևը եռահերթ աշխատանքն է:
Արմեն Պողոսյանի խոսքով` ասֆալտապատման աշխատանքները պետք է իրականցվեն ոչ միայն աշխատանքային ժամերին, այլ շուրջօրյա կարգով` արդյունավետ օգտագործելով գիշերային ժամերը, որոնք այս եղանակին առավել նպատակահարմար են ասֆալտապատման համար: Նրա համոզմամբ` այս դեպքում այդ աշխատանքների վերջնաժամկետը կկրճատվի: «Աշխատանքի կազմակերպման այլ եղանակներ ևս կան, կարելի է երթուղու միակողմանի շերտը ասֆալտապատել, հետո միայն մյուսը: Կարելի է մեկ ուղղությունը փակել նորոգել, հետո մյուսը: Դա կարելի է իրականացնել եռահերթ աշխատանքով: Սա կարելի է հեշտությամբ իրականացնել, քանի որ աշխատուժը «ծով» է, աշխատող միշտ էլ կարելի է գտնել: Գիշերն էլ պետք է աշխատել»,- նշեց Արմեն Պողոսյանը:
Անդրադառնալով ՀԿ-ների առաջարկներին` ասաց, որ շատ են դիմում քաղաքապետին ուղղված նամակով, առաջարկություններով հանդես գալիս, սակայն հարգալից երկխոսությունը, բարյացակամ համագործակցությունը բացակայում է: Ըստ նրա` իրենց ահազանգերը, ելույթները չեն ազդում և դիմումները ևս անպատասխան են մնում հաճախ, նամակի հետքերը նույնիսկ չեն կարողանում գտնել: Այս ամենից Սպառողների միության ղեկավարը եզրակացնում է, որ չկա ցանկություն համագործակցության, որը լավագույն ձևն է արդյունավետ աշխատանքի: Նրա դիտարկումներով` ասֆալտապատման նոր որակի աշխատանքների հեռանկար ապագայում չկա:











































