Իրանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
«Իրանը պատրաստ է պատշաճ դերակատարություն ունենալ Սիրիայում անվտանգություն և կայունություն հաստատելու գործում՝ ամբողջ տարածաշրջանում ճգնաժամի տարածումից խուսափելու համար»,- հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է Interfax-ը:
Բացի այդ, Մեհմանպարաստը քննադատության է ենթարկել բոլոր այն երկրներին, որոնք «զինում են ապստամբներին»:
«Հակամարտությունը հրահրելու և Սիրիան քաղաքացիական պատերազմի դրդելու փոխարեն այդ երկրները լավ կանեին իրենց ազդեցությունն օգտագործեին կառավարության և ապստամբների միջև երկխոսության համար պայմաններ ստեղծելու նպատակով»,- ասել է նա:
Մեհմանպարաստը հաստատել է, որ Իրանը լիակատար աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի՝ ճգնաժամի կարգավորման 6 կետից բաղկացած ծրագրին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անանը հայտարարել էր, որ Իրանը՝ որպես տարածաշրջանի կարևոր խաղացող պետք է իր մասնակցությունն ունենա Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում:









































