ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը մեղադրել է Սիրիայի իշխանություններին երկրում հակամարտության խաղաղ կարգավորման պլանի իրականացման պարտավորությունների կոպիտ խախտման մեջ: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն:
Քեթրին Էշթոնի հայտարարության մեջ ասված է. «Այն, որ ռեժիմը կիրառում է ծանր զրահատեխնիկա, այդ թվում՝ հրետանի և ուղղաթիռներ, ինչը հաստատել են ՄԱԿ-ի դիտորդները, հանդիսանում է Անանի պլանի պարտավորությունների խախտում»:
Էշթոնը Սիրիայի իշխանություններից պահանջել է դիտորդներին ազատ մուտք տրամադրել՝ ստուգելու Տրեյմսիում տեղի ունեցածի մասին տեղեկությունը: Նա նշել է, որ մարդու իրավունքների խախտման պատասխանատուները կպատժվեն:
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը Տրեյմսիում տեղի ունեցածի պատասխանատվությունը դրել է «ահաբեկչական զինված խմբերի վրա»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի տարբեր ընդդիմադիր կազմակերպությունների ներկայացուցիչներ հաղորդել էին, որ Տրեյմսիում կառավարական ուժերի հրետակոծման հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել է 100-200 խաղաղ բնակիչ: Ավելի ուշ ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակը» խոստովանել էր, որ Համա շրջանի Տրեյմսի քաղաքի գրեթե բոլոր զոհերը հակակառավարական զինված խմբավորումների գրոհայիններ են:








































