ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր կժամանի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե: Սպասվում է, որ նա բանակցություններ կվարի Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ:
Քլինթոնն ակնկալում է նրանից ստանալ հավաստիացում այն մասին, որ նրա ղեկավարման ընթացքում Եգիպտոսը կպահպանի 1979 թվականին Իսրայելի հետ կնքած խաղաղության համաձայնագրի պայմանները: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը:
Կողմերը կքննարկեն նաև ԱՄՆ կողմից Եգիպտոսին ռազմական օգնություն տրամադրելու հարցը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսիին հրավիրել է սեպտեմբերին այցելել Վաշինգտոն: Հրավերը Մուրսիին փոխանցել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բըռնսը՝ անցած շաբաթ Կահիրեում կայացած հանդիպման ժամանակ:








































