Բրիտանացի նկարիչ Դեմիեն Հերսթը «Կալաշնիկով» ինքնաձիգը կվերածի արվեստի գործի: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը: Թե կոնկրետ ի՞նչ կներկայացնի իրենից Հերսթի ստեղծագործությունը, դեռևս հայտնի չէ:
Հերսթի աշխատանքը կներկայացվի սեպտեմբերի 21-ին նշվող Խաղաղության միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսում: Ցուցահանդեսի գաղափարի հեղինակը լուսանկարիչ Բրեն Սինոդսոնն է, որը նախկինում ծառայել է Աֆղանստանում: Նկարիչները կստեղծեն արվեստի գործեր՝ գործածությունից դուրս բերված զենքերից: Ցուցահանդեսի կազմակերպչի խոսքով՝ արվեստի գործերի վերածված զենքերը պետք է իրենցից ներկայացնեն ոչ թե պատերազմի, այլ «խաղաղության զենքեր»:
Հերսթից բացի, իրենց աշխատանքները կներկայացնեն ևս 22 նկարիչներ: Ցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 25-30-ը՝ Լոնդոնի «Ժամանակակից արվեստների ինստիտուտ» մշակութային կենտրոնում: Ցուցահանդեսից բացի, Խաղաղության միջազգային օրվան նվիրված «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա Peace One Day խորագրով համերգ, որին կմասնակցեն Էլթոն Ջոնն ու Ջեյմս Մորիսոնը:
АК-47 ինքնաձիգը ստեղծել է խորհրդային ինժեներ Միխայիլ Կալաշնիկովը՝ 1947 թվականին: 1949-ին այն սկսել է կիրառվել խորհրդային բանակում: Ինքնաձիգը շուտով լայն ճանաչում է ձեռք բերել և տարածում գտել ողջ աշխարհում:
Դեմիեն Հերսթը հանդիսանում է ամենաթանկ ժամանակակից նկարիչներից մեկը: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել իր սադրիչ աշխատանքների շնորհիվ:










































