Մալդիվյան կղզիներում հակակառավարական ելույթների ժամանակ ոստիկանությունը առնվազն 55 մարդու է ձերբակալել: Agence France-Presse-ի փոխանցմամբ՝ ցույցերն անցկացվել են մայրաքաղաք Մալեում:
Ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով վիրավորվել է 9 ոստիկան: Ցուցարարներն այրել են ոստիկանական մոտոցիկլետը, ջարդուփշուր արել ոստիկանական մի մեքենա և մի քանի ցուցափեղկեր:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ցույցերը կազմակերպել էին Մալդիվների Դեմոկրատական կուսակցության ակտիվիստները: Կուսակցությունը ղեկավարում է հանրապետության նախկին նախագահ Մոհամեդ Նաշիդը:
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հերքել են անկարգություններ հրահրելու վերաբերյալ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ցույցը նախապես խաղաղ բնույթ է կրել, սակայն ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառել:
Նաշիդը Մալդիվյան հանրապետության նախագահի պաշտոնից հեռացել է 2012-ի փետրվարին՝ զանգվածային ցույցերից հետո: Անձամբ նա հաստատում է, որ իրեն հեռացրել են ռազմական հեղաշրջման արդյունքում:
Նաշիդին նախագահի պաշտոնում փոխարինել է նրա նախկին տեղակալ Մոհամեդ Վահիդը: Հանրապետությունում նախագահական ընտրություններ չեն անցկացվել:







































