Այսօր` հուլիսի 13-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի կամրջից դեպի Տիգրան Պետրոսյան փողոց, Դավիթաշեն եկեղեցու դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին, և թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Ինչպես News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը 25-ամյա Իռեն Սարգսյանն է, ում Արմենիա բժ. Կենտրոն են տեղափոխել քաղաքացիները: Շտապօգնության բրիգադը դեպքի վայր է հասել տեղափոխելուց 10 րոպե անց է:
Վրաերթի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վրաերթը կատարել է «ԲՄՎ իքս–5» մակնիշի ավտոմեքենան և իրենք միայն տեսել են համարանիշի թվերը, սակայն տառերը չեն տեսել: Վրաերթի վայրում կար նաև ավտոմեքենայի վրայից պոկված հայելու դետալներ:
Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նկարահանման ժամանակ վրաերթի վայրում նկատել է «ԲՄՎ իքս–5» մակնիշի 32 ՕՏ 888 համարանիշի սև գույնի ավտոմեքենա, որի աջակողմյան հայելին կոտրված էր: Երբ ֆոտոլրագրողը փորձել է լուսանկարել, նշված ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի: Այնուամենայնիվ Շամշյանին հաջողվել է լուսանկարել «ԲՄՎ իքս–5»-ը:
Վրաերթի վայրից ֆոտոլրագրողը ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ տեսուչներ Մավել Բաղդասարյանին և Լյուդվիկ Վարդանյանին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշ Ենգիբարյանին հեռախոսով հայտնել է տեղի ունեցած վրաերթի մասին և նշել «ԲՄՎ իքս–5» մակնիշի համարանիշները:
Տեղեկությունը ստանալուց կարճ ժամանակ անց ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի 7-րդ վաշտի տեսուչներ Էդգար Հայրապետյանն ու Արմեն Սմբատյանը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ստանում են տեղեկատվություն: Արդեն Կիևյան փողոցից դեպի Օրբելի փողոցի խաչմերուկ ՃՈ տեսուչներ Է Հայրապետյանն ու Ա. Սմբատյանը կարողանում են վրաերթի վայրից փախուստի դիմած «ԲՄՎ իքս–5»-ի վարորդի ավտոմեքենայով բերման ենթարկել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն:
Օպերատիվ կառավարման կենտրոն ժամանած ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանի հանձնարարականով վարորդին՝ 28-ամյա Սմբատ Խաչիկյանին, տեղափոխել են բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Փաստի Առթիվ Ա. Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ըստ Ֆոտոլրագրողի հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրվող հատվածով։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


























































