Հայաստանի համար կապի ազգային արբանյակի ստեղծումը, որի մասին ՀՀ և ՌԴ միջև օրերս հուշագիր ստորագրվեց, «Արմինկո»-ի տնօրենների խորհրդի անդամ, «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը «վերին աստիճանի կարևոր խնդիրներից մեկն» անվանեց՝ նշելով սակայն, որ հուշագիրը դեռ պայմանագիր չէ:
Նրա խոսքով՝ կախված նրանից, թե ինչ ունակություն կստանա Հայաստանը` համատեղ օգտագործման, կամ այլ, կամ եթե անգամ համատեղ օգտագործվի և այդ արբանյակից հաջողվի ստանալ 10-20 գեգաբիթ/վրկ արագագործություն ՀՀ համար, ապա դա կարող է ծառայել որպես պահուստային կապուղի ծայրահեղ բարդ իրավիճակների համար, քանի որ մի քանի օպերատորներ միայն 2 միացում ունեն Վրաստանի տարածքով տարբեր ուղղություններով և Իրանի տարածքով տարբեր օպերատորներ ունեն մի քանի միացումներ: Եվ քանի որ, ըստ Սաղյանի, երկու երկրներում էլ իրավիճակը չի կարելի «շատ հուսալի» անվանել կապի անխափան աշխատանքն ապահովելու համար, ինչպես, օրինակ, եվրոպական երկրներում է, իհարկե լավ կլիներ, որ լիներ երրորդ անկախ ուղղությունը, որպիսին, որոշ վերապահումներով, որոշ սահմանափակումներով, կարող է ծառայել այդ արբանյակային կապը:
Գ. Սաղյանի խոսքով, արբանյակի շնորհիվ հեռուստատեսության տեսակետից ավելի շատ ծրագրեր կարելի է հեռարձակել ողջ աշխարհով և ուղղել այն վայրեր, որոնք մինչև հիմա ծածկված չեն, կամ ծախսեր կան ծածկույթն ապահովելու համար: Ներկայում ՀՀ-ն ունի Հ1-ի համաշխարհային ծածկույթը, «Արմենիա ԹՎ-ն» և «Շանթն» են հեռարձակում, իսկ այս դեպքում մեր մյուս հեռուստաընկերությունները ևս կկարողանան ապահովել հեռարձակում:
«Ինտերնետի հետ կապված սակագները, կարծում եմ, չեն փոխվի, քանի որ այդ արբանայկի միջոցով չեմ կարծում, որ կտրամադրեն ինտերնետ հասանելիություն, որովհետև եղած օպտիկամանրաթելքային և անլար ծածկույթն այսօր բավարարում է ՀՀ բոլոր բնակիչներին: Ես չեմ կարծում, թե արբանյակային կապը կարող է ավելի էժան լինել, քան երկրային կապը: Փաստորեն, դա ունի ռազմավարական նշանակություն տեղեկատվական անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Գ. Սաղյանը` նշելով, որ արբանյակներն արժեն մոտ 150-300 մլն եվրո, որից մոտ 50 մլն եվրո արժե թռիչքը, որով արբանյակը կբարձրացվի տիեզերք:





































