«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳՎ-ն ստացել է «Հանրապետական» կուսակցության նախընտրական քարոզարշավի վերջին համերգ-հանրահավաքի ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը:
Նշված վարչության ՀԿԳՎ ղեկավար Արսեն Այվազյանը թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է դրա արդյունքների մասին: «Ձեռքի տակ արդեն ունեցող եզրակացության, կարող ենք ասել` այո, իրականում մեթան տեսակի գազ է լիցքավորված եղել փուչիկներում, բոլոր` մոտ 7 հազար փուչիկներում»,- ասել է Արսեն Այվազյանը:
Թերթի այն հարցին` հայտնի՞ է արդյոք, թե որտեղ էին փուչիկները լիցքավորվել, վերջինս պատասխանել է, որ լիցքավորման մասով լրացուցիչ հրապարակում կլինի:
«Արդեն պարզ է, թե ովքեր են լիցքավորել, ինչպես և որտեղ է լիցքավորվել: Դա պարզ է, պարզապես այսօր բավարարվենք զուտ եզրակացությամբ, հետո լրացուցիչ պրոցեսների ավարտից հետո մյուս տվյալները պարզ կդառնան: Ծխախոտից, ըստ եզրակացության, նման պայթյուն չէր առաջանա: Եզրակացության մեջ ուղղակիորեն գրված է, որ պայթյունը տեղի է ունեցել բաց կրակի ներգործությամբ»,- ասել է նա:
Վերջինս նաև հաղորդել է, որ նախաքննությունը շարունակվում է, մասնավորապես կատարվում են փորձաքննության եզրակացությունից բխող անհրաժեշտ գործողություններ, և որ այս պահի դրությամբ քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ դեռ չկա:








































