«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նկարիչ Նորայր Այվազյանը, ում պարզապես Սպարապետ են անվանում:
– Պարոն Այվազյան, ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր ու Վանո Սիրադեղյանի պատմական հանդիպումը:
– Մինչև պատմականն ասեմ, որ դեռ մինչ հեղափոխությունը, երբ Վանոն նստում էր նկարիչների, «Կազիրյոգ», «Պապլավոկ» սրճարաններում, մենք երկու սեղան հեռու էինք նստում ու մտածում. «Երբ պիտի մեծանանք, որ կարողանանք մոտենալ Վանոյին, խոսել նրա հետ»: Բոլորը գիտեին, թե Վանոն ինչ հումորով էր` գրական-մշակութային համուհոտով: Բոլորս երազում էինք, որ մի օր կարող է Վանոյի հետ խոսենք: Հետո, երբ շարժումն սկսվեց, երբ ՀՀՇ-ն կազմավորվեց, ծանոթացանք:
– Ի՞նչ հանգամանքներում ծանոթացաք:
– Երբ Վանոն քաղաքապետ էր, մենք, ինչպես նաև շատ նկարիչներ ու մանկավարժներ, Կոջոյան դպրոցում էինք աշխատում: Վանոն կանչեց ու ասաց, որ արժան մարդկանց ցուցակ ներկայացնենք, որովհետև կրթական համակարգը փոխելու լավագույն ձևը հին տնօրեններին, հին մտածողությամբ մարդկանց փոխելն է ազատ մտածողությամբ նոր մասնագետներով: Հետո, երբ Գոհարը (Գոհար Սանոյան` ներկայիս Կոջոյան դպրոցի տնօրենը.- Մ.Բ.) առաջարկեց մեծացնել Կոջոյան դպրոցը, որտեղ հիմնավոր կրթություն կստանան արտառոց, համարձակ, ազատ, գիժ երեխաները,Վանոն ասաց. «Հա, Պռոշյան դպրոցի հետ միացրեք, մեծ դպրոց սարքեք, թող դառնա մեծ գժանոց»: Շշմելու առաջադեմ հայացքներ ուներ` առանց որևէ պայմանականությունների, առանց նախապայմանների:
– Բոլորին է հայտնի, որ Վանո Սիրադեղյանը առանձնահատուկ վերաբերմունք ուներ մտավորականների հանդեպ: Երբևէ Վանոն փորձե՞լ է նրանց տեղավորել իր գրպանում, շահարկել նրանց անունները, քաշքշել քաղաքական ինտրիգներում, ինչպես այսօր է արվում` «Մահ` մեդալի դիմաց» սկզբունքով:
– Ես իզուր չասացի, որ Վանոն բացարձակ ազնվագույն մարդ էր: Իսկ եթե այդ մարդկանց առաջ խնդիր էր դրվում, դա վերաբերում էր միայն ու միայն կրթական համակարգի բարելավմանը: Գոնե ես և իմ ընկերները չենք հիշում նման դեպք: Նա բոլոր մտավոր պոտենցիա ունեցող մարդկանց պաշտոնի դրեց, որպեսզի իդեաներ իրագործեն: Ու շատերը, ովքեր զբաղված էին զուտ իդեաները կյանքի կոչելու գործով, հետագայում Վանոյի հետ դուրս մղվեցին: Իսկ սրիկաները, ինչպես միշտ, մնացին ջրի երեսին, և հենց նրանք էին հետագայում ակտիվ Վանոյի դեմ հակաքարոզչություն անելու գործում: Վանոն լավ գիտեր, թե ով ինչ արժեր: Եվ մտավորականության մի խումբ հատուկ Վանոյի դեմ էր պայքարում: Որովհետև երբ Վանոյի մոտ փորձում էին մտավորական խաղալ, Վանոն ասում էր. «Դու մտավորական չես»: Եվ իրենք էլ գիտեին, որ Վանոն գիտի, թե ինչ արժեն իրենք:
– Հիշո՞ւմ եք` Վանոն ինչ էր անում պատերազմի տարիներին:
– Պատերազմից հետո շատերի շուրջ լեգենդներ սարքեցին: Բայց երբ Վանոն մեկնեց պատերազմի, շատ ավելի լավ կատարեց իր առաջադրանքները, քան «լեգենդները»: Վանոն երբեք իր արածը չռեկլամեց, ինտրիգներ չսարքեց: Գործ կար` անում էր: Եվ չեմ հիշում մի դեպք, որ Վանոն ինչ-որ առաջադրանքով ինչ-որ տեղ լիներ ու տապալեր գործը: Բայց երբեք չխոսեց իր պատերազմական սխրանքներից, հաղթանակներից: Իսկ մյուսներն իրենց տապալումներին ինտրիգ հաղորդելով` մի բան էլ հերոսանում էին: Արդեն պատերազմից հետո Վանոն քաղաքը մաքրեց ու ռադ արեց ֆիդայա-լոպազական ու քրեական տարրը:
– «Մարդիկ ասում են» շարքից ասեկոսեները Վանոյից միֆական կերպար են ստացել` հանցագործ էր, մարդասպան էր, դաժան էր, արտագաղթի պատճառ դարձավ: Ինչպե՞ս է կուտակվել այս ամպը Վանոյի գլխին:
– Ճիշտ խոսք կա` հեղափոխությունն անում են ռոմանտիկները, պտուղներն ուտում են սրիկաները: Սրիկաները գիտեին, որ գործ ունեն հզոր անձնավորության հետ: Որովհետև Վանոն Պարույր Հայրիկյան չէր, նա իսկապես ուզում էր անկախ պետություն, անկախ Հայրենիք ունենալ: Եվ սրիկաներին, իհարկե, առաջին հերթին խանգարում էր ռոմանտիկ և Աստծու տված խելքով Վանոն, և միայն նրանից ազատվելուց հետո կարող էին իրենց «կարիերան» շարունակել: Իսկ Վանոն ո՞նց աներ, որ էդքան ազնիվ մարդ գտներ: Վանոյի նշանակած դպրոցի տնօրեններից շատերը շատ արագ դավաճանեցին այն նպատակներն ու սկզբունքները, ինչի կատարման համար նշանակվել էին այդ պաշտոնում Վանո Սիրադեղյանի կողմից: Որոշ մարդիկ ասում են` «Վանոյին փախցրինք»: Էդ ամեն ինչը սարքած գործ էր, և Վանոյին «փախցրին» իրենց գործերը անարգել անելու համար:
– Դուք ներկա եղե՞լ եք Վանոյի դատերին: Ի՞նչ տպավորություններ ունեիք այն ժամանակ:
– Էդ դատերն էնքան շինծու էին և էնքան նպատակաուղղված, որ այստեղ երկու կարծիք չէր կարող լինել: Մի ամբողջ համակարգ խնդիր էր դրել, որ պետք է այդ մարդուց ազատվել: Եվ այդ համակարգը մինչև այսօր սարսափում է Վանոյի հետ գալուց:
– Մենք ի՞նչ կշահենք Վանոյի վերադարձով:
– Մենք ոչ թե պիտի դիտարկենք, թե ինչ կհաշենք, այլ` թե ինչ ենք կորցրել: Հենց հասկանանք, թե ինչ ենք կորցրել, արդեն կշահենք: Հենց հասարակությունը գիտակցի, թե ինչ է կորցրել, կարող ենք համարել, որ Վանոն արդեն վերադարձել է:
– Հենց Վանոն էր կրտած պահում քրեական տարրը, ու հենց Վանոն ոտքը քաշեց, հոտը շրջվեց, կաղերն ընկան առաջ ու էնքան լպիրշացան, որ հայտնվեցին խորհրդարանում, էսօր քաղաքական լուրջ հարցեր են որոշում: Վանոյի ասած` «խուրդան» ակտիվացավ:
– Վանոյին Հայաստանից արտաքսելը հենց նրանց ակտիվանալու համար էր: Ու մի ամբողջ քրեական համակարգ լծվեց Վանոյին հեռացնելու գործին, որովհետև նրա այստեղ լինելը ոչ մի ձևով նրանց ապրելու հնարավորություն չէր թողնի:
– Ի՞նչ եք կարծում, Վանոյի վերադարձով հնարավոր կլինի՞ նորից վերսկսել պայքարը օլիգարխ դարձած «խուրդայի» դեմ: Որովհետև հեղափոխությունը կարծես չստացվեց մեզ մոտ:
– Ես հավատում եմ էն մարդկանց, որոնց 5 տարի հավատում էի: Եվ մի հայտարարությունից հետո հիասթափվելը պատեհապաշտություն է: Ի վերջո, եթե հիասթափվեցի` ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու: Մյուս ուժերին էլ չեմ հավատում, բայց ես ուզում եմ ազատվել կեղտից, ի՞նչ անեմ:
– Քաղաքացիական շարժման միջոցով չե՞նք կարող ազատվել կեղտից:
– Ցանկացած շարժում, որը տանելու է սրանցից ազատվելուն, իհարկե, ես նրանց կողքին եմ:
– Իսկ արժե՞ Սերժ Սարգսյանից ազատվելու համար իշխանության բերել ԲՀԿ-ին:
– Իհարկե` ոչ: Իհարկե չեմ հավատում, որ ԲՀԿ-ի իշխանության գալով լավ է լինելու: Չեմ էլ ուզում: Բայց չգիտեմ` ինչ պետք է արվի: Քաղաքացիական շարժումը շատ լավ է, բայց ես չգիտեմ` ինչ է լինելու, ոնց է լինելու: Ես, դու, մյուսը հավաքվելու ենք մի գործ անենք` խնդրեմ:
– Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է քաղաքացիական շարժման շնորհիվ ստեղծել մի վիճակ, որպեսզի իշխանությունն ինքը ստիպված լինի փսխել քրեաօլիգարխիկ տարրը:
– Երկարատև փտած մարմինը շատ ավելի պինդ է, որովհետև փտախտի մեջ անընդհատ վերարտադրվում են` կեղտի ձևով, ճիճվի ձևով: Դրա համար պետք է անպայման քանդել:
– Իսկ եթե Վանո Սիրադեղյանը գա ու կանգնի, ասենք, քաղաքացիական շարժման գլխին, ի՞նչ հաջողություն կլինի:
– Առաջինը պետք է իմանանք` նա ուզո՞ւմ է գալ, թե՞ ոչ: Երկրորդ` ուզո՞ւմ է կանգնել շարժման գլխին, թե՞ ոչ: Բայց եթե Վանոն գա, արդեն քաղաքացիական մեծ ակտիվություն կլինի: Իսկ եթե գա, ու շարժում սկսվեց, իմացեք, որ ՀԱԿ-ի 100 հազար ընտրողները Վանոյին կողքին են լինելու: Ես` իմ ընտանիքով, իմ երեխաներով Վանոյի կողքին եմ լինելու` եթե Վանոն ուզի շարժում սկսել: Որովհետև բոլորս հոգու խորքում զզվել ենք… Ասում ենք` մի հատ Վանո լիներ, էլի…










































