Տաջիկստանի իշխանությունները ռուսական կողմից պահանջել են տարեկան 250 մլն դոլար՝ այդ երկրի տարածքում ռուսական 201-րդ ռազմական բազան շահագործելու համար։ Այս մասին այսօր գրում է Kommersant-ը՝ հղում կատարելով բանակցություններում ներգրավված իր աղբյուրներին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ դեռևս չեն ստացել տաջիկական կողմի պաշտոնական առաջարկը և չեն կարող ոչ հերքել, ոչ հաստատել այս տեղեկությունը։ Տաջիկստանի և Ռուսաստանի միջև բազայի շահագործման վերաբերյալ բանակցությունները պետք է ավարտվեին տարեսկզբին, սակայն կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ այս հարցի շուրջ։
Ռուսական աղբյուրները, մասնավորապես, նշում են, որ Տաջիկստանը ցանկանում է կրճատել պայմանագրի ժամկետը` 49 տարուց հասցնելով մինչև 10 տարի, ինչպես նաև սահմանել գումար` այդ բազան շահագործելու դիմաց։ Ներկայում Ռուսաստանը բազան շահագործելու դիմաց Տաջիկստանին է տրամադրում զենք և զինամթերք։
Հիշեցնենք, որ այս ամիս ռազմաբազայի շահագործման վարձի բարձրացման մասին էր հայտարարել նաև Ղրղըզստանը։








































