Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը իր նախկին առաջնորդ և երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերին նշանակել է Օլիմպիական ժառանգության հարցերով խորհրդական: Այս մասին հայտնում է Itar-Tass-ը:
Հինգ տարի առաջ երկրի կառավարության առաջնորդի պաշտոնը լքած Բլերը պետք է կուսակցությանը խորհրդատվություն տրամադրի Օլիմպիական խաղերից «տնտեսական և մարզական ժառանգության» մաքսիմալիզացման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին հայտնել է լեյբորիստների և խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Էդ Միլիբենդը: Նա հիշեցրել է, որ Բլերը գլխավոր դեր է խաղացել այն բանում, որ 2005-ին Լոնդոնը Օլիմպիական խաղեր անցկացնելու իրավունք ստանա:
«Դա Թոնիի գլխավորած կառավարության բազմաթիվ ձեռքբերումներից մեկն է: Երախտագիտությունս եմ հայտնում նրան այն ամենի համար, ինչ նա արել է մեր կուսակցության ու մեր երկրի համար: Եվ ես գիտեմ` նա պատրաստ է անել ամեն ինչ, որ լեյբորիստները հաղթեն հաջորդ ընտրություններում»,- ասել է Միլիբենդը:
2007-ին լիազորությունները վայր դնելուց հետո սա Բլերի առաջին վերադարձն է մեծ քաղաքականություն:











































