Մի քանի օր առաջ համացանցում մի հոլովակ էր հայտնվել, որում ռուսական «Առաջին ալիքի» լրատվական թողարկման մի դրվագ էր՝ Պուտինի մասնակցությամբ: Պուտինը ինչ-որ հարց էր քննարկում, որտեղ բախվել են հանրային կարծիքն ու Ռուսաստանի հայտնի օլիգարխներից մեկի՝ «ալյումինի արքա» Օլեգ Դերիպասկայի շահերը: Դերիպասկան հրաժարվում էր տեղի տալ հանրային կարծիքին և ստորագրել պայմանագիրը: Պուտինը վերցրեց պայմանագիրն ու քննարկման ժամանակ Դերիպասկայից պահանջեց ստորագրել: Վերջինս խելոք վեր կացավ ու ստորագրեց, մի բան, որ մինչ այդ հրաժարվում էր անել:
Այդ հոլովակը հայաստանյան համացանցում բավական տարածվեց և նույնիսկ վերջին շրջանի հայտնի զարգացումների և օլիգարխիայի սրված խնդրի ֆոնին դարձավ որպես օլիգարխների հանդեպ իշխանության վարմունքի օրինակելի նմուշներից մեկը: Համենայն դեպս, նույնիսկ եղան նման ուղղակի բնութագրումներ, որ՝ ահա թե ինչպես պետք է վարվել օլիգարխների հետ:
Իհարկե, գայթակղությունը շատ մեծ է, որ լինի բարի թագավոր, որը կպարտադրի չար օլիգարխներին որևէ բան: Բայց որքան էլ որ օլիգարխներին պետք է, իհարկե, հանրային կարգ ու կանոն պարտադրել, այդուհանդերձ, լուծումը պուտինյան այդ տարբերակը չէ, որովհետև դա ոչ թե օրենքի երկիր, այլ պարզապես տոտալիտար օլիգարխիկ համակարգից ավտորիտար համակարգի տանող ճանապարհն է: Իսկ մեզ համար խնդիրը պետք է լինի իրավական ճանապարհի «ասֆալտապատումը»: Հետևաբար, մենք չենք կարող նման դրսևորումները համարել օրինակելի:
Մի կողմից, իհարկե, հանրությանը չպետք է հետաքրքրի, թե Սահմանադրության երաշխավոր նախագահը ինչպես է լուծում Սահմանադրությունից վեր կանգնած օլիգարխների հարցերը, սակայն, մյուս կողմից էլ, դա ընդամենը կարող է լինել ժամանակավոր լուծում, քանի որ հիմնարար տեսանկյունից մերժելի են թե՛ չար տոտալիտարիզմը, թե՛ նույնիսկ բարի ավտորիտարիզմը: Սա իսկապես նուրբ հարց է, որի լուծումը գտնելը, ըստ էության, բավական բարդ է: Ներկայումս, իհարկե, խնդիրը մեկն է՝ դնել իշխանության դեմ պահանջ և հետամուտ լինել այդ պահանջի կատարմանը:
Բայց այս ամենն, իհարկե, պետք է անխուսափելիորեն ունենա հաջորդ փուլ, որտեղ արդեն պետք է պահանջը լինի իրավական մեխանիզմների գործադրումը: Դա կապահովի համակարգային փոփոխություն: Մեզ պետք չէ միջավայր, երբ Սերժ Սարգսյանը այս կամ այն բանը կպարտադրի այս կամ այն օլիգարխին: Մեզ պետք է միջավայր, երբ դա կանի օրենքը, Սահմանադրությունը՝ անկախ Սերժ Սարգսյանի կամքից կամ շահերից: Եվ քաղաքացիական հասարակության պահանջների հաջորդ մակարդակն, անշուշտ, պետք է ուղղված լինի հենց այդ համակարգի ձևավորմանը:
Կարճաժամկետ առումով, բարի թագավորի ձեռքի կախարդական շարժումն իսկապես գայթակղիչ է, և բացի այդ էլ, զուտ տակտիկական առումով հանրությունն իրեն չի կարող թույլ տալ այդ տարբերակը մերժելու, դրանից հրաժարվելու ճոխություն, եթե երկրում ակնհայտորեն ուզուրպացված է նաև իրավական համակարգը: Սակայն հարցն այն է, որ հասարակության համար դա չդառնա երկարատև խայծ՝ այդպիսով վերածվելով ավանդույթի, առավել ևս, որ հանրային շրջանակներում կան դրան նպաստող, դրա լեգիտիմությունն ապահովող մտածողություն կրող զգալի շերտեր. նրանց համար կյանքը, կառավարումը հենց այդպես էլ պատկերանում է՝ բարի թագավորի ինստիտուտով: Իսկ քաղաքացիների համար նպատակը պետք է, բնականաբար, լինի օրենքի թագավորությունը:











































