Ինչպես հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, Չիլիում 7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ցնցումները գրանցվել են Կոնսեպսիոնից 45 կմ հեռավորության վրա` Բիոբիո արվարձանում: Երկրաշարժի օջախը գտնվում է օվկիանոսում` 18.4 կմ խորության վրա:
Բնակելի շատ վայրերում մարդիկ տարհանվել են իրենց կացարաններից և տեղափոխվել բաց տարածք: Տուժածների և ավերածությունների մասին չի հայտնվում: Ցունամիի մասին նախազգուշացումներ ևս չեն եղել:
Անցյալ հինգշաբթի օրը` փետրվարի 10-ին, Չիլիում գրանցվել է 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Ներընդերքային ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Կոպյապիո քաղաքից 30 կմ հարավ-արևելք: Դրա օջախը գտնվում էր 64.9 կմ խորության վրա:
Հիշեցնենք, որ 2010թ.-ի փետրվարի 27-ին 8.8 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել Կոնսեպսիոնից ոչ հեռու: Ներընդերքային ցնցումների հետևանքով ցունամի առաջացավ: Դրանից հետո Բիոբիո արվարձանում գրանցվեցին ևս մի քանի ցնցումներ: Այդ ժամանակ աղետի հետևանքով զոհվեց 800 մարդ:
Հարկ է նշել, որ հենց Չիլիում է տեղի ունեցել աշխարհի ամենաուժեղ երկրաշարժը: Այդ երկրաշարժը, որը հաճախ անվանում են Վալդիվյան երկրաշարժ, տեղի է ունեցել 1960թ.-ի մայիսին: Այն եղել է 9.3-9.5 մագնիտուդի սահմաններում: Էպիկենտրոնը գտնվում էր Սանտյագոյից 435 կմ հարավ գտնվող Վալդիվիա քաղաքում: Երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի ալիքների բարձրությունը հասնում էր 10 մետրի, որի մնացորդները հասել են մինչև Ճապոնիայի ափերը: Աղետի հետևանքով այդ ժամանակ զոհվել է 6 հազար մարդ, որոնց մեծ մասը դարձել է ցունամիի զոհ:







































