Սերբիայի դատախազությունը 12 մարդու մեղադրել է 2008թ. Բելգրադում ԱՄՆ-ի դեսպանատունը հրդեհելու մեջ: Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով հետաքննության տվյալները, նրանց դեմ մեղադրանք է ներկայացվել «լուրջ անկարգությունների» մասնակցելու և ագրեսիվ վարք դրսևորելու մեջ: Եթե այդ մարդիկ մեղավոր ճանաչվեն, նրանց կսպասվի մինչև 12 տարվա ազատազրկում:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում 2008թ. անկարգությունների ընթացքում մի քանի հարյուր մարդ ներխուժել էր ԱՄՆ դեսպանատան շենք: Հարձակմանը, հիմնականում մասնակցում էին ֆուտբոլի երկրպագուներ, որոնք քարերով և հրավառ նյութերով շշեր էին նետել դեսպանատան վրա: Շենքի մոտից ցուցարարներին հեռացրել էին արցունքաբեր գազի օգնությամբ:
Անկարգությունների ժամանակ ակցիայի մասնակիցներից մեկը մահացել էր: 2008թ. փետրվարի 29-ին Սերբիայի իշխանությունները ձերբակալեցին 80 մարդու, որոնք մեղադրվեցին անկարգությունների մեջ:
Այս պահին շարունակվում է 2009թ. սկսվող դատավարությունը մի ցուցարարի դեմ, որը շենքի վրայից պատռել էր ԱՄՆ դրոշը՝ այն փոխարինելով Սերբիայի դրոշով: Մեղադրյալը խոստովանում է այդ արարքը, սակայն չի ընդունում, որ մասնակցել է դեսպանատան հրդեհմանը:
Ցուցարարները դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա հարձակում էին գործել Կոսովոյի անկախության հռչակագրի դեմ ուղղված բազմահազարանոց ցույցից հետո: Դեսպանատունն ավերվել է՝ որպես ԱՄՆ-ի կողմից Կոսովոյին ցուցաբերվող աջակցության դեմ ուղղված բողոքի նշան:









































