ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) ցանցից անջատել է ավելի քան 300 հազար համակարգիչներ, որոնք վարակված են եղել DNS Changer վիրուսով:
Ինչպես հաղորդում է BBC-ն, վնասակար ծրագրի միջոցով հարցումներ էին ուղարկվում վիրուս ստեղծողների սերվերներին: Այդ սերվերներում եղած գովազդն էլ եկամուտ էր բերում այն ստեղծողներին: FBI վերլուծաբանների գնահատականով, նման ձևով կիբերհանցագործներին հաջողվել է վաստակել ավելի քան 14 մլն դոլար: Մոտավոր հաշվարկներով՝ DNS վիրուսով վարակված է եղել ավելի քան 4 մլն համակարգիչ, դրանց մեծ մասը Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Իտալիայում:
2011 թ. հանցագործներին բռնելուց հետո FBI-ը մի շարք ինտերնետ ընկերությունների միջոցով վարակված սերվերները փոխարինեց ժամանակավոր սերվերներով: Բացի այդ, բացվեցին կայքեր, որոնց միջոցով օգտատերերը կարող էին ստուգել իրենց համակարգչում վիրուսի առկայությունը:
FBI-ը հայտնել էր, որ 2012 թ. հուլիսի 9-ին ժամանակավոր սերվերները պետք է անջատվեն: Այդպիսով, շուրջ 300 հազար օգտատերեր (դրանցից 41 հազարը՝ ԱՄՆ-ում) 1 օր մնացել են առանց համացանցի:











































