Պահպանողական «Թալիբան» շարժման գրոհայինները երկուշաբթի մասսայական հարձակում են գործել Կանդագար քաղաքի պետական, ոստիկանական և ռազմական օբյեկտների վրա: Այս մասին հայտարարել է Կանդագարի նահանգապետ Տուրյալայ Վեսան:
Նահանգապետի խոսքերով` հարձակումները սկսվել են տեղական ժամանակով 02.00-ին մահապարտների խմբի պայթյունից, և շարունակվել են դեռևս մի քանի ժամվա ընթացքում:
Նահանգապետի խոսքերով` ներկա դրությամբ իրավապահները հաշվարկել են 23 սպանված, որոնցից 17-ը ենթադրաբար ահաբեկիչներ են եղել, երեքը՝ ոստիկաններ և ևս երեքը՝ խաղաղ բնակիչներ: Վիրավորների թվում 18 իրավապահներ, զինվորականներ և խաղաղ բնակիչներ են:
Թալիբների մամլո-քարտուղար Զաբիուլա Մոջահեդը լրատվամիջոցներին հայտարարել է, որ այդ հարձակումներն իրականացրել են մոջահեդները, որի արդյունքում սպանվել են բազմաթիվ արտերկրյա և աֆղանստանցի զինվորականներ:











































