Հուլիսի 22-ին ԱՄՆ Փասադենա քաղաքի Հաղթանակի զբոսայգում, տեղական ժամանակով ժամը 11:00-ին, կմեկնարկի Հայկական ինքնության 5-րդ ամենամյա փառատոնը, որտեղ ամերիկահայերը կներկայանան հայկական ավանդական ճաշատեսակներով, կենդանի երաժշտությամբ, երգ ու պարով: Այս մասին հաղորդում է Masis Post-ը:
«Այս տարի մենք կտոնենք պատմական իրադարձություն՝ հայ գրատպության 500-ամյակը: Առաջին հայերեն տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը», լույս է տեսել 1512 թվականին` Վենետիկում: Մենք կցուցադրենք որոշ հնագույն տպագիր գրքեր»,- ասել է փառատոնի նախագահ Քրիս Շահինյանը:
Փառատոնում, որը հովանավորել է Փասադենայի հայ համայնքը, կներկայացվի 1880-ական թվականներին քաղաքում բնակություն հաստատած Փասադենայի հայերի մշակութային ժառանգությունը:
«Բարի գալուստ բոլոր ցանկացողներին: Մուտքն ու կայանատեղին անվճար են: Մենք ցանկանում ենք, որ ընտանիքները վայելեն մեր մշակույթը»,- ասել է Շահինյանը:
Ոսկե շղթան, որը փառատոնին նվիրաբերել է Noble Jewelers ընկերությունը, վիճակահանությամբ բաժին կընկնի փառատոնի մասնակիցներից մեկին:









































