Հունաստանի խորհրդարանը կիրակի երեկոյան վստահության քվե է ներկայացրել երկրի կառավարությանը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, կառավարության օգտին քվեարկել է 179 պատգամավոր իշխող կոալիցիայից, որի մեջ մտնում են երկրի վարչապետ Անտոնիոս Սամարասի կողմից ղեկավարվող աջակենտրոն «Նոր ժողովրդավարությունը», սոցիալիստական ՊԱՍՕԿ-ը և «Դեմոկրատական ձախ ուժերը»: Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք խորհրդարանում ունեն 121 մանդատ, ամբողջ կազմով դեմ են քվեարկել կառավարությանը:
Նոր կառավարությանը վստահության քվե տալը ֆորմալ գործընթաց է, որից հետո կառավարությունը կարող է անցնել իր աշխատանքներին: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, տվյալ դեպքում քվեարկությունը խորհրդանշական էր, քանի որ մինչ այդ էլ արդեն ակնհայտ էր, որ կոալիցիայի բոլոր 3 կուսակցությունները կպաշտպանեն նրան:
«Նոր ժողովրդավարությունը», ՊԱՍՕԿ-ը և «Դեմոկրատական ձախ ուժերը» կոալիցիա ստեղծելու շուրջ համաձայնության են եկել հունիսի 20-ին՝ խորհրդարանական ընտրությունների անցկացումից 3 օր հետո: Նախարարների կաբինետի կազմը հայտարարարվել է հունիսի 21-ին:
Դրանից առաջ մոտ մեկուկես ամիս երկիրը ղեկավարում էր ժամանակավոր կառավարությունը, քանի որ մայիսի 7-ին տեղի ունեցած նախորդ ընտրությունների արդյունքում կուսակցություններից ոչ մեկը մեծամասնություն չստացավ, իսկ կառավարություն կազմելու շուրջ բոլոր բանակցությունները տապալվեցին:
Սամարասի կառավարությունը հանդես է գալիս Հունաստանի՝ եվրոգոտու կազմում մնալու օգտին:








































