Վրացական «Ասավալ-դասավալի» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախաահ Էդուարդ Շևարդնաձեն ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրել է արյունահեղություն նախապատրաստելու մեջ, որպեսզի ընդդիմությունը չկարողանա հաղթել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում.
«Սաակաշվիլին անգամ կյանքի գնով է պատրաստ պահպանել իր պոստը: Բացի այդ, նա անսահմանափակ մղում ունի դեպի իշխանություն: Նա հասկանում է, որ իր և իր ողջ թիմի համար իշխանության ղեկին մնալը կյանքի ու մահու հարց է, ինչի համար նա բազմաթիվ հանցանքներ է գործել:
Սաակաշվիլին ամեն ինչի կգնա, և մենք պետք է պատրաստ լինենք վատթարագույն սցենարին: Նա կգնա անգամ արյունահեղության՝ թեև դա վերջնականապես կկործանի նրան: Առանց արյունահեղության, նա չի մնա իր պոստին: Կլինեն զոհեր, սակայն միայն ժողովուրդը կարող է կանգնեցնել նրան: Սաակաշվիլին չի կարող սպանել ողջ Վրաստանը՝ որքան էլ որ կրակի ու բանտ նստեցնի:
Անգամ թշնամուս չեմ ցանկանում տեսնել վրացու բարձրացրած խռովությունը: Սաակաշվիլիին խորհուրդ եմ տալիս չստուգել ժողովրդի համբերության չափը: Ավելի լավ կլինի, եթե նա ինքնակամ հեռանա: Այդ դեպքում արյունահեղություն չի լինի, և, բացի այդ, Սաակաշվիլին դրանով կփրկի իրեն»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Շևարդնաձեն ներողություն էր խնդրել վրաց ժողովրդից, որ 2003 թվականին Վարդերի հեղափոխության հետևանքով իշխանությունը հանձնել է Սաակաշվիլիին:






































