Իրանի իշխանությունները համաձայնության են եկել եվրոպական նավթային ընկերությունների խմբի հետ մասնավոր կոսորցիումի միջոցով նավթ մատակարարելու համար: Այս մասին հաղորդում է իրանական Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթաքիմիական և նավթագազային արտադրանքի արտահանողների ասոցիացիայի նախագահ Հասան Խոսրոուջերիին:
Խոսրոուջերիի խոսքերով՝ այդ մեխանիզմը թույլ կտա Իրանին արտահանել օրական 400-500 հազար բարել նավթ: Նավթամթերքների մեծ մասը կարտահանվի եվրոպական երկրներ:
Նա նշել է, որ Իրանը կոնսորցիումի միջոցով կվաճառի արտահանվող նավթի շուրջ 20%-ը: Համաձայնագրին մասնակցում են Իրանի Կենտրոնական բանկը, Նավթի նախարարությունը, Իրանի նավթաքիմիական և նավթագազային արտադրանքի արտահանողների ասոցիացիան:
Խոսրոուջերին, սակայն, չի բացահայտել այդ մեխանիզմի աշխատանքի մանրամասները և չի նշել եվրոպական ընկերությունների անունները:
Մինչև վերջերս Իրանի ազգային նավթային ընկերությունը մենաշնորհ ուներ նավթի արտահանման ոլորտում, սակայն հետո երկրի իշխանությունները թույլատրեցին նավթ վաճառել մասնավոր ընկերությունների միջոցով՝ միջազգային պատժամիջոցներից և նավթի էմբարգոյից խուսափելու համար:







































