ԱՄՆ Վերաքննիչ դատարանը հանել է Samsung ընկերության Galaxy Nexus սմարթֆոնների վաճառքի արգելքը երկրում, որը ավելի վաղ սահմանվել էր Apple ընկերության հայցի հիման վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ժամանակավոր արգելքը սահմանվել էր ընթացիկ տարվա հունիսի վերջին: Սմարթֆոնը, որը Google-ի պատվերով արտադրում է Samsung-ը, թողարկվել էր անցած տարվա վերջին:
Apple-ը պահանջել էր սմարթֆոնների վաճառքն ԱՄՆ-ում արգելել՝ հարավկորեական մրցակցին մեղադրելով արտոնագրերի խախտման մեջ: Apple-ը պահանջել էր արգելել վաճառքը մինչև հուլիսի 30-ը՝ գործի լսումների մեկնարկը, սակայն Վերաքննիչ դատարանը կանգնել է Samsung-ի կողքին:
Չնայած մրցակցի վաճառքն արգելելու Apple-ի փորձերին, հարավկորեական ընկերության վաճառքը հաջող է ընթանում: Ընկերությունը հայտարարել է, որ 2012-ի երկրորդ եռամսյակում սպասում է ռեկորդային օպերացիոն շահույթ ստանալ՝ 5,9 միլիարդ դոլարի չափով:
Միևնույն ժամանակ, վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել Galaxy Tab 10.1 պլանշետային համակարգչների վաճառքի արգելքը:
Նշենք, որ Apple-ն ու Samsung-ը զանգվածային արտոնագրային հակամարտություն են մղում 2011-ի գարնանից:









































