Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց թողնելու օրենսդրական փոփոխությունների փաթեթով նպատակ կա փրկել օլիգարխների սեփականությունը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սևանի բնապահպանական տեսչության պետի նախկին տեղակալ Հենրիկ Մարտիրոսյանը՝անդրադառնալով Սևանա լճից ոռոգման նպատակով հավելյալ ջուր դուրս թողնելու օրենսդրական փոփոխությանը:
Ըստ նրա՝ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը հանգեցրել է նրան, որ շատ կառույցներ մնացել են ջրի տակ, ուստի այդ թվում կապիտալ շատ շինարարություններ:
« Հիմա այդ ողջ շինարարությունը փրկելու համար ընդունվեց այդ օրինագիծը: Միայն այդ շինարարությունները, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներինն են, օլիգարխներինը, կատարվեց սա: Այդ շինությունների մի մասն արդեն ջրի տակ է անցել, իսկ մյուս մասը դեռ այդ գործընթացի մեջ է: Այդ օրինագիծը մեր ՀՀ տնտեսության, գյուղացու խնդիրների հետ որևէ կապ չունի: Ջուր են բաց թողնում իրենց սեփականությունները պահպանելու համար»,- մեկնաբանեց Հենրիկ Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 20-ի նիստում «Սևանա լճի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն, որից հետո օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել մինչև 320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը:











































