Լիբիայի Բենղազի քաղաքի մոտ գնդակոծության է ենթարկվել ուղղաթիռ, որում բացի օդաչուից` եղել են Լիբիայի ընտրական հանձնաժողովի անդամները: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այս տեղեկությունը հաստատել է նաև իշխող խորհրդի մամուլի քարտուղար Սալեհ Դարհուբը:
Հարձակումն իրականացվել է Մուամար Քադաֆիի տապալումից հետո երկրի պատմության մեջ անցկացվող առաջին ընտրությունների նախօրեին:
Դարհուբի խոսքերով՝ ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը մահացու հրազենային վնասվածք է ստացել և մահացել, երբ ուղղաթիռը դեռ օդում է եղել: Ուղղաթիռը վնասվելով սկսել է ընկնել, սակայն օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել:
Պաշտոնական Տրիպոլին առայժ զերծ է մնում բացահայտ մեղադրանքներից՝ հարձակում իրականացնողներին անվանելով «հեղափոխության թշնամիներ», որոնք խոչընդոտում են երկրում ընտրությունների անցկացումը:










































