Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

«Ժառանգությունը» ՀԱԿ-ԲՀԿ ամուսնական կյանքին չի խառնվի (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի Real Politik հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԳ նախկին նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Մենք լուրջ քաղաքական խմորումների, զարգացումների փուլում ենք, և ինձ մի հարց է հուզում. «Ժառանգություն»-ը այդպես էլ որոշեց չմասնակցել ԱԺ ընտրությունները վերահսկող միասնական շտաբի աշխատանքներին,  ՀԱԿ-ԲՀԿ ամուսնության խրախճանքին` ոչ որպես քավոր, ոչ որպես վկա: Դրանից հետո «Ժառանգություն»-ը սեփական դեմքը պահելու խնդիր ունեցավ ԱԺ-ում: Եվ հետաքրքիր է, որ քվեարկությամբ «Ժառանգություն»-ը նույնացավ ընդդիմադիր այն նույն հատվածին, որը միասնական շտաբում էր՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ (խոսքը կառավարության ծրագրի մասին է), և ըստ էության ԱԺ-ում ընդդիմության դաշտը և ընդդիմության գլխավոր, առաջին ջութակի դեր ստանձնած ԲՀԿ-ն կլանեց նաև «Ժառանգության» դեմ քվեները և իշխանության հետ առևտրում ու արտաքին աշխարհի հետ շփումներում այդ դեմ քվեները սեփական հայեցողությամբ օգտագործելու  հնարավորություն ստացավ: Այն պահվածքը, որ դուք ունեիք մինչև ընտրությունները` բոլորիս համար հասկանալի էր, հիմա ինչ-որ կերպ կարողացե՞լ եք ձևակերպել, թե ԱԺ-ում «Ժառանգություն»-ը ինչպես պետք է հանդես գա՝ չնույնանալու համար այն նույն նախընտրական ձևաչափերին, որը գոյություն ուներ, որպեսզի նաև հասարակության համար ընկալելի լինի ձեր առանձնահատկությունը:

– Նախ` կներեք, ես ամենևին համամիտ չեմ Ձեր վերլուծության հետ: Նախընտրական փուլում մենք հայտարարեցինք, որ որևէ պրոբլեմ չենք տեսնում՝ միասնական շտաբում հանդես գալու, եթե պայքար լիներ ընտրակեղծիքների դեմ, բայց դրա համար անհրաժեշտ էր, որ շտաբի բոլոր մասնակիցները միանշանակ դատապարտեին ընտրակաշառքների բաժանումը և կեղծ բարերարություն չանեին՝ ինչպես անում էր այդ շտաբի անդամներից մեկը, ավելին` մյուս երկուսը դատապաշտպանի դեր էին ստանձնում և ասում էին՝ կաշառք չկա և այլն: Մենք գտնում էինք՝ վտանգավոր է այս խաղի մեջ մտնելը, որովհետև փոշիացնում է ընդդիմության ձայները, և մի կուսակցություն, որը իբր հանդես է գալիս ընդդիմադիր դիրքորոշումներով, կուսակցություն, որը պատասխանատվություն է կրում ՀՀ-ում վերջին տարիներին կատարված ամեն ինչի համար, այդ թվում` Մարտի 1-ի, բոլոր տնտեսական պրոբլեմների և այլն, չէր կարող հանդես գալ որպես ընդդիմադիր: ԱԺ կանոնակարգի համաձայն՝ հստակ պահանջներ են առաջ քաշվում, և երեք խմբակցությունները հստակ հայտարարեցին, որ նրանք հրաժարվում են մաս կազմել որևէ իշխանության և ընդդիմադիր դիրքերից են հանդես գալու:

ԲՀԿ կուսակցությունը հանդես է եկել թերևս նոր քաղաքագիտական կատեգորիայով` այլընտրանք է իրեն հռչակել, ինչ է նշանակում դա` ժամանակը ցույց կտա: Կառավարության ծրագրի ընդունման հարցում   ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, սակայն դրան անմիջապես հետևեցին երկու նոր նախաձեռնություններ՝ Սևանից ջրի բացթողնման հետ կապված, որը, գիտեք, միանշանակ չէր ընկալվում հասարակության կողմից. էկոլոգները բազմիցս հարցը բարձրացրել են, մասնագետների միջև կար տարաձայնություն: Եվ երկրորդը՝ լրացուցիչ վարկային պատասխանատվություն ստանձնելու հետ կապված հարցը, որը հանձնաժողովներում նույն ԲՀԿ-ն դեմ էր քվեարկել, բայց հետո քվեարկեց կողմ: Այսինքն` ժամանակը ցույց կտա, թե ԲՀԿ-ն որ դաշտում է գործում` ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական: Այս առումով ես երբևէ չեմ համարել, որ ԲՀԿ-ն հանդես է գալու ընդդիմադիր դաշտում: Դա հայտարարություններով չէ, մեկանգամյա ակցիաներով չէ, այլ երկարաժամկետ գործունեություն է, և պետք է ԲՀԿ-ն ձերբազատվի այն բեռից, որ կրել է վերջին հինգ տարիների ընթացքում:

Ի՞նչ պետք է անի ձերբազատվելու համար: Օրինակ` Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես թե այդ ինդուրգենցիան տվել է ԲՀԿ-ին, նրան կարծես ներել է և՛ Մարտի 1-ի ոճրագործության համար, և՛ Ռոբերտ Քոչարյանի ականջները արդեն չեն տեսնվում այդ կուսակցության ետևում:

– Մենք այնքան ենք սովորել ավտորիտար կառավարման ձևաչափին ՀՀ-ում, որ նաև ընդդիմության մեջ ենք ավտորիտարիզմ փնտրում: Հայ հասարակությունն է որոշում՝ ներել, հավատալ, հետևից գնալ, աջակցել, ձայն տալ, թե ոչ: Որևիցե անհատ, ինչքան էլ հարգված լինի, չի կարող իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը և որոշել:

Եվ ի՞նչ պիտի անի ԲՀԿ-ն:

– Լավ կլինի՝ տասնամյա արտաքին քաղաքականությունը քննադատելուց առաջ նախ` պատասխանատվություն ստանձնի, որ հենց ինքն է այդ տասը  տարիների ընթացքում այդ արտաքին քաղաքականությունը իրականացրել: Այն ամպագոռգոռ հայտարարությունները` Հայաստանում մարդու իրավունքները պետք է հարգվեն, ամոթ է, որ ՀՀ-ում մարդու իրավունքները ոտնահարվում են, անում է մի մարդ, որի ողջ պաշտոնավարման օրոք ամեն օր խախտվել են մարդու իրավունքները:

Եվ ում պաշտոնավարման օրոք Դուք երկու անգամ ձերբակալվել եք և ազատազրկվել:

– Դուք նույնպես, և այդ մարդուց որևէ արտահայտություն մարդու իրավունքների մասին չեմ լսել: Այնպես որ` պետք է այդ մասին խոսվի, պետք է Մարտի 1-ի դերակատարության մասին խոսվի, գոնե ներողություն խնդրեն, համոզեն հասարակությանը, որ այլևս այդպիսի բաներ չեն հանդուրժի և ճանապարհ անցնեն` մաքրման ճանապարհը, որպեսզի փորձեն կամաց-կամաց գալ և լինել ընդդիմադիր դաշտում:

– «Հարսնաքարը» կարծես ցնցեց երկիրը, և քաղաքացիական չտեսնված շարժումը կարողացավ իշխանությանը ստիպել գնալու կոնկրետ քայլերի: Որոշ քաղաքական ուժեր փորձեցին այդ ամենից նաև դիվիդենդներ շահել և քաղաքական տարբեր ուժերի հասցրին նետարձակումներ: Նախ` ինչպե՞ս եք գնահատում «Հարսնաքարում» կատարվածը և դրան հաջորդած` Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը, որը նախագահի հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ, և ի՞նչ է պետք անել, որ այս պայքարը չսահմանափակվի Ռ. Հայրապետյանին ԱԺ-ից հեռացնելով, և քանի որ սկիզբ է դրվել մի այսպիսի գործընթացի, մենք հնարավորություն ստանանք ընդհանրապես օլիգարխիայից ազատվելու մի գործընթացի սկիզբ դնել: Դրանում պիտի մասնակցե՞ն քաղաքական ուժերը, թե՞ նախաձեռնությունը ամբողջությամբ պիտի մնա հասարակական դաշտում, որպեսզի հաջողությամբ պսակվի, որովհետև հետաքրքիր է՝ համաժողովրդական շարժումը 4 տարի պայքարում էր այդ ավազակապետական համակարգի կամ բուրգի մաս կազմող օլիգարխիայի դեմ` իշխանությունը չէր արձագանքում, հենց քաղաքացիական հասարակությունը մտավ այդ գործընթացի մեջ, հենց իշխանությունը վստահ եղավ, որ այդ ցանկությունը անկեղծ, առանց քաղաքական նպատակների և հետին մտքերի է` արձագանքեց, առաջ գնաց. գուցե գաղտնիք կա՞ այստեղ:

– Սկսեմ նրանից, թե ինչպես նորմալ մարդը կարող է վերաբերվել նման սանձարձակ, այլանդակ հանցագործությանը: Ես ևս մեկ անգամ ցավակցում եմ Վահե Ավետյանի ընտանիքին,  այն բոլոր մասնակիցների ընտանիքներին, որոնց նույնպես դաժան ծեծի էին ենթարկել: Սա խոսում է այն բեսպրեդելի մասին, որը կա ՀՀ-ում, և շատ կարևոր է հասարակական ցասումը, որը ստիպելու է լուրջ քայլերի դիմել, մյուս կողմից էլ` պետք է հասկանանք, որ այսօր մենք պետք է խոսենք երևույթի մասին:

Ընդամենը մայիս ամսին Գագիկ Ծառուկյանի անձնական թիկնապահը ծեծել էր մի տաքսու վարորդի, վերջում ստիպել, որ հրաժարվի ցուցմունքներից: Այսինքն` մենք պետք է սպասենք, որ մարդն անպայման մեռնի, ծեծելով հասնի մահվան դուռը, որ կարողանանք հասարակական ընդվզման շնորհիվ հաջողությո՞ւն ունենալ:

– Արդեն տարիներ շարունակ ձևավորվել է այն մթնոլորտը, որ եթե դու իշխանավոր ես, օլիգարխ ես` քո թիկնազորը ամեն ինչ կարող է անել: Դրա հիմքը դրեց Ռ. Քոչարյանը, որի հրահանգով նրա թիկնազորին հանձնարարվեց մարդուն՝ Պողոս Պողոսյանին, դաժան ծեծով սպանել «Պապլավոկում»: Ցավոք սրտի, հասարակության արձագանքն այդ ժամանակ այնքան բուռն չէր, ցավոք սրտի, այսպես կոչված` մտավորականները ստիպված ինչ-որ բաների դիմաց՝ իշխանությունից ստացված, ասացին, թե դեպք է` պատահել է: Դա հստակ մեսիջ էր Ռ. Քոչարյանի` Հայաստան ներմուծած գաղափարախոսության, թե` միակ տղամարդը ես եմ: Այդ գաղափարախոսությունը տարածվեց շրջապատի վրա, և այդ օլիգարխիան, օբյեկտի տերերը, բոլորը սկսեցին նույն տրամաբանությամբ գործել, և թերևս համակերպվում էր հասարակությունը: Այս վերջին տարիների շարժումը բերում է նրան, որ բազմաթիվ հասարակական նախաձեռնություններ են ի հայտ եկել, և վերջին ցասումը շատ մեծ է: Ես թերևս չհամաձայնեմ՝ որն է կարևոր: Այս վերջին 5 տարիների շարժումը, հազարավոր մարդկանց ցույցերը հո կուսակցական պատկանելությա՞մբ չէին. մի քանի հարյուր հազար մարդ էր մարտի 1-ին հավաքվել, նրանցից ես չգիտեմ՝ քանիսն էր կուսակցական. դա հասարակությունն էր: Ուղղակի կան կուսակցություններ, քաղաքական գործիչներ, որոնք այդ պահին ստանձնում են պատասխանատվություն ինչ-ինչ քայլերի համար: Նույնը` հիմա. պիտի տարանջատվեն այսօր պառլամենտում ներկայացված հիմնական օպոզիցիոն ուժերը, պիտի աշխատանքների տարանջատում լինի: Առանց փողոցում ցույցերի, առանց փողոցի ճնշման Ռուբեն Հայրապետյանն էլ հրաժարական չէր տա, և պետք է ասել՝ ով էլ գրած լինի այդ տեքստը, բավականին անկեղծ տեքստ էր, և երևում էր, որ հասել է տեղ, և ինքն էլ է գիտակցում, թե ինչ է կատարվել: Եվ հիմա մեր խնդիրն է այս երևույթին գնահատական տալ և բացառել ապագայում: Հիմա, Դուք ասացիք` որոշ ուժեր  քննադատում են, ի՞նչ են ասում, ասում են՝ մենք պահանջում ենք արտահերթ նստաշրջան: Շատ լավ, արտահերթ նստաշրջան պահանջելու ընթացակարգ կա: Լավն է, վատն է` սա է: Ուրեմն պետք է 44 ստորագրություն՝ ԱԺ պատգամավորների1/3-րդը վերցնի ձևաթուղթ, ներկայացնի հարցի որոշման վերաբերյալ նախագիծ և 24 ժամվա ընթացքում հավաքի 44 կողմ ձայն:

Ես մի դիտարկում անեմ. անձամբ տեղյակ եմ, որ որքան էլ ՀԱԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ ինքն արդեն հանդես է եկել այդ ստորագրահավաքի նախաձեռնությամբ, որպեսզի արտահերթ նստաշրջանի հնարավորություն ստեղծվի, ես ճշտեցի, որ այդպիսի ձևաթուղթ չի վերցվել:

– Այո, չի վերցվել:

Նման ստորագրահավաք սկսվա՞ծ չէ դեռ:

– Ոչ, որովհետև մենք քննարկեցինք, որ ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը նախաձեռնությամբ հանդես գան, ինչից հետո հրավիրեցինք Լևոն Զուրաբյանին՝ Կոնգրեսի անունից, քննարկեցինք: Լևոն Զուրաբյանը առաջարկ ներկայացրեց, թե` Կոնգրեսն ուզում է արտահերթ նստաշրջան, քննարկել ենք, եկել ենք այն եզրակացության, որ անհնար է 44 ստորագրություն հավաքել, և որ պետք է Կոնգրեսը աշխատի ԲՀԿ-ի հետ: Ըստ Կոնգրեսի՝ ԲՀԿ-ն պատրաստ չէ արտահերթ նստաշրջան պահանջելու համար ստորագրություն տալ:

Նաիրա Զուրաբյանը մեր լրատվամիջոցին ասաց, որ իրենց պատգամավորները հանգստանում են այս պահին, և նրանցից 5-6-ն է ՀՀ-ում, և հնարավոր չէ հավաքել այդ ստորագրությունները:

– Այո, այս պահին ակնհայտ էր, որ հնարավոր չէ, դրա համար էլ չարվեց: Այլ բան է` դուրս գալ փողոց, ասել` ես պահանջում եմ, մյուսները չեն պահանջում, ես ամենալավն եմ ձեր ցավը հասկանում եմ: Ի՞նչ ենք առաջարկելու մենք և իրականացնելու (ստորագրել են նաև ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն): Մենք դիմել ենք ԱԺ ղեկավարությանը՝ պահանջելով խորհրդակցություն անցկացնել բոլոր իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, ովքեր ընդգրկված են այս գործում, որպեսզի մեզ տան հստակ պատասխաններ: Ի՞նչն է մեր նպատակը. պարզել` կա՞ որևէ ճնշում, ինչքանո՞վ է անկախ անցնում հետաքննությունը, բացառել որևէ ճնշման հնարավորություն, բացառել որևէ միջամտություն՝ լինի դա Ռ. Հայրապետյանի կողմից կամ ուղղակի նախագահական որևէ ատյանի կողմից, և վերահսկելի դարձնել այդ գործընթացը: Մենք գտնում ենք, որ հաջորդ քայլը պետք է լինի ԱԺ-ում անցկացվելիք հանրային լսումները, որոնցում մենք պետք է փորձենք պարզել այս երևույթը ծնող պատճառները և ապագայում բացառել: Դրա համար անհրաժեշտ կլինի անցկացնել արտահերթ նստաշրջան, որի ընթացքում կընդունվեն կանոններ՝ ինչպես է կարգավորվում այս ամենը:

Սկսած թիկնապահական ինստիտուտից, վերջացրած այն պատասխանատվությամբ, որը թիկնապահի գործողության համար պետք է կրի այդ թիկնապահը պահողը:

– Նայեք, ինչ է կատարվում: 10-15 կին գնում են` դատախազության առջև պիկետ են անցկացնում, խաղաղ պիկետ, դա սահմանադրական իրավունք է, իրենց լոզունգն են հնչեցնում, գալիս է 30-40 ոստիկան, դեպքեր են լինում՝ կարմիր բերետավորներ, և ասում են՝ հասարակական կարգ են պահպանում: Ուրեմն հասարակական կարգ պետք է պահպանել նաև օբյեկտներում, որտեղ կան 200-300 մարդ և ոգելից խմիչքներ: Ցանկացած նորմալ երկրում ոստիկանությունը պետք է զբաղվի: Մենք՝ հարկատուներս, հարկ ենք վճարում, որպեսզի ոստիկանները աշխատավարձ ստանան և պահպանեն հասարակական կարգը մեր երկրում: Եվ ցանկացած բնագավառում պետք է կանոններ մշակվեն: Այսինքն` եթե դուք ուզում եք լողավազան բացել, պետք է կանոն լինի, ըստ որի` դուք էդ լողավազանում պետք է փրկարար ունենաք, պետք է բուժկետ ունենաք, որ մարդը չխեղդվի. նույնը պետք է այստեղ լինի: Այսինքն` պետք է  լինի ոստիկանության պայմանագիր. եթե մենեջերը կատարել է խուլիգանական արարք, պետք չէ զանգել, կանչել թիկնազորին: Մենեջերից պահանջվում էր ընդամենը մեկ բան. զանգահարել ոստիկանություն և հարցերը լուծել նրա միջոցով: Եվ եթե պարտավորված լինեն և ոստիկանության հետ պայմանագիր կնքեն` մարդը կարող է ունենալ թիկնապահ, և այստեղ հանցագործություն չկա, ուղղակի օրենքով պետք է կարգավորվի: Այդ մարդու թիկունքը պահեք, ոչ թե գնացեք ուրիշներին ոչնչացրեք, ուրիշներին դաժան ծեծեք, որովհետև ձեզ թվում է՝ դուք պրովենտիվ ինչ-որ գործողություններ եք անում: Այս ամենը պետք է կանոնակարգվի, և դուք միանգամայն իրավացի եք՝ այս դեպքերը պատահում են ամիսը մեկ անգամ` Հայաստանի ցանկացած օբյեկտում, որը պատկանում է այս կամ այն օլիգարխին, որն իրեն շրջապատել է տասնյակ հաստավիզ թիկնապահներով: Ցավոք սրտի, այս անգամ ձեռք բարձրացվեց սպայի վրա, շատ մեծ արձագանք ունեցավ, և այս ցասումը, հուս ունենք՝ կբերի նրան, որ մինչև վերջ հետամուտ  կլինենք նրան, որ բոլոր մեղավորները պատժվեն, պարզվեն բոլորի պատասխանատվության աստիճանները, որից հետո ընդունվեն այն անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոնք պետք է կարգավորեն այդ դաշտը, և այլևս մենք իմանանք, որ մեր երեխաները, մեր հարազատները որևէ ռեստորան այցելելիս գիտեն, որ ինչ-որ թյուրիմացության դեպքում ոստիկանությունը կպահպանի իրենց անդորրը:

Իսկ համակարգային լուծումներ, օրինակ` օլիգարխիան կազմաքանդելու քաղաքական կամք, իշխանությունը ո՞ր պահին  հանդես կբերի, տեսնո՞ւմ եք այդպիսի ցանկություն, թե՞ այս իշխանությունն անընդունակ է ընդհանրապես կենսունակ լինել և գործել, որովհետև կարծես թե արդեն ջուրը լցվել է, և այս հասարակությունը չի կարողանում արդեն համակեցությամբ ապրել այն իրականության հետ, որում ապրում են օլիգարխները և նրանց սպասարկող մնացած տարաբնույթ էլեմենտները: Ի՞նչ անել, և ո՞րն է այն ճանապարհը, որը ընդհանրապես հնարավորություն կստեղծի:

– Այնպես չէ, որ օլիգարխիան դրսից է եկել, սա մեր իշխանությունների ծնունդն է, իշխանությունը հենց այդ օլիգարխիան է:

Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», կուսակցությունները կարծես պակաս չեն զգում օլիգարխների:

– Ամենաբարձր իշխանությունը պատանդ է դառնում այդ նույն օլիգարխների ձեռքին, որովհետև դու` ինձ, ես` քեզ տարբերակով նրանք կեղծում են ընտրությունները: Սա փոխկապակցված մի սիմբիոզ է դարձել, որի համար շատ բարդ է լինելու ներսից կոտրել իշխանությանը: Բայց կա նաև հասարակություն, որը դա չի հանդուրժում: Այսինքն` հասարակությունը, քաղաքական այն ուժերը, որոնք սա անընդունելի են համարում, համատեղ պայքարով պետք է պարտադրեն, որ իշխանությունը քայլ առ քայլ գնա այնպիսի բարեփոխումների, որոնք օրենսդրական դաշտով կբացառեն օլիգարխների հնարավորությունը: Ի՞նչ է նշանակում օլիգարխ: Դա մարդ է, որը չի ենթարկվում որևէ օրենքի և գործում է սեփական հայեցողությամբ, ցանկացած հարց լուծում է փողով, ուժով, զոռբայությամբ, կրակոցներով և գիտի, որ դատարան չկա, որտեղ իրեն կարող են կանչել պատասխանատվության: Այսինքն` մեր իրավունքների համար մենք պետք է պայքարենք, ինչքանով մենք կնվաճենք մեր իրավունքների հերթական պորցիան, այնքանով  կվերցնենք օլիգարխի ձեռքով ապօրինի սեփականացված իրավունքները: Շատ վտանգավոր է, որ այսօր փորձ է արվում վեճ տանել` սա քաղաքակա՞ն է, քաղաքացիակա՞ն է, ի վերջո`  ցանկացած քաղաքական գործիչ նաև քաղաքացի է, հասկանանք, որ քաղաքական ուժերն ընդամենը փոքրամասնություն են այս երկրում, մի քանի տոկոսն են այս երկրում կուսակցականացված: Մոռանանք, այս կուսակցություններից յուրաքանչյուրը գործիք է հասարակական ցասման դրսևորումները  տեղ հասցնելու և դրանց տալու իրավական ու օրենսդրական ձև:

Որովհետև քաղաքացիական հասարակությունը ևս վախենում և կաշկանդվում է, երբ քաղաքական ուժերը փորձում են այդ բարձրախոսները վերցնել՝ մտածելով, որ  իրենց պայքարը կարող է արդյունքի չհասնել:

– Համամիտ եմ, բայց թերևս քաղաքացիական հասարակությունն իրավունք ունի նման կասկածամտությամբ վերաբերվելու, որովհետև դեպքեր եղել են, երբ մարդիկ ոչ թե եկել են իրենց աջակցությունը բերելու, այլ միկրոֆոնը վերցնելու ու հայտարարելու, թե` այս շարժումը ես եմ գլխավորում, որովհետև չգիտեմ` որ թվականին չգիտեմ` ինչ եմ եղել, շարժում եմ ղեկավարում: Այդպես ճիշտ չէ, կարծում եմ՝ ձևը կգտնվի: Այսօր ունենք այնպիսի իրավիճակ, որ ԱԺ-ում ներկայացված է ընդդիմությունը: Պետք է փորձենք միասին և՛ փողոցը, և՛ ԱԺ-ն համահունչ, ներդաշնակ աշխատանքի միջոցով տանել առաջ և մեր իրավունքները ավելի լավ սպասարկել:

Որպես «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ` ի՞նչ պետք է սպասի հասարակությունը ձեր խմբակցությունից, ի՞նչ նախաձեռնություններ եք պատրաստում աշնանը, ի՞նչ նոր թափ եք պատրաստում հաղորդել ձեր գործունեությանը, ձեր խմբակցության ղեկավարը դեռ չի՞ որոշել՝ կմասնակցի՞ ձեզ հետ աշխատանքներին, թե՞ ոչ, ի՞նչ սպասենք:

– Դա արդեն սեպտեմբերին պարզ կլինի` մասնակցո՞ւմ ենք նախագահական ընտրություններին, թե՞ ոչ, Րաֆֆի Հովհաննիսյանը դնո՞ւմ է իր թեկնածությունը, թե՞ ոչ: Մենք մի շարք նախաձեռնություններ ունենք, բայց այս պահին իրավիճակը փոխվեց, ևս մեկ անգամ ես կուզեի մեր հասարակությանը հավաստիացնել, ոչ թե լոզունգներով ասել, թե մենք պահանջում ենք սնանկացնել այսինչ օլիգարխին, այլ մենք փոխելու ենք, որևէ օլիգարխի հնարավորություն չենք տալու առաջնորդվել այդ ամենաթողության և «իմ դեմ խաղ չկա» սկզբունքով, այլ գործել օրենսդրական դաշտում: Սա մի ոլորտ է, որին զուգընթաց՝ լինելու են մարդու իրավունքների բլոկի հետ կապված մի շարք նախաձեռնություններ, այսինքն` քրեական օրենսգրքի փոփոխություն, ռադիկալ փոփոխություն, մի շարք այլ բնագավառներում մենք համագործակցելու ենք հասարակական սեկտորի հետ, օտարալեզու դպրոցների հետ կապված՝ իրենց խոստացել ենք ներկայացնել օրենսդրական նախաձեռնություններ: Առանձին հանդիպելու ենք էկոլոգների հետ. այն անհրաժեշտ փոփոխությունները, որ իրենք նպատակահարմար են համարում, միասին առաջ կքաշենք: Մենք հինգ հոգով չենք կարող բոլոր հարցերի մասնագետը լինել. մենք ակնկալում ենք լայն համագործակցություն ողջ հասարակության սպեկտորի հետ, պատրաստ ենք քննարկել, տալ օրենսդրական նախաձեռնության տեսք և բարձրաձայնել ԱԺ-ում: Ինչքանով հնարավոր կլինի` կախված է հասարակության աջակցությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում