Մինչև 2016 թվականը պլանշետային համակարգիչների վաճառքը կգերազանցի նոթբուքերի սպառման ցուցանիշը: Առաջիկա տարիներին պլանշետները կդառնան բջջային համակարգիչների շուկայի աճի հիմնական գործոնը:
2012 թվականին աշխարհում կվաճառվի 347 միլիոն բջջային համակարգիչ՝ նոթբուք, նեթբուք և պլանշետ: 2017-ին այդ ցուցանիշը կգերազանցի 809 միլիոնը: Այս մասին տեղեկացնում է TechCrunch տեխնոբլոգը՝ հղում անելով NPD վերլուծական կազմակերպության հետազոտությանը:
Ինչպես սպասվում է, նոթբուքերի՝ 2012-ի 208 միլիոն օրինակով վաճառքը 2017-ին կհասնի 393-ի, միևնույն ժամանակ իրացված պլանշետների թվաքանակը միևնույն ժամանակահատվածում կավելանա 4 անգամ՝ 121 միլիոնից հասնելով 416 միլիոնի:
Ներկայում պլանշետների վաճառքի 66 տոկոսը կատարվում է Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում և Ճապոնիայում: Առաջիկա 5 տարում այս երկրները կշարունակեն պահպանել առաջատար սպառողական դիրքերը: Վաճառքի անհավասարաչափ բաշխման պատճառը չզարգացած ենթակառուցվածքն է և զարգացող երկրներում մի շարք ծառայությունների անհասանելիությունը:











































