«Հարսնաքարի» ողբերգության առիթով սկիզբ առած քաղաքացիական բողոքի ալիքը ստվերում թողեց Հայ ազգային կոնգրեսից Դավիթ Շահնազարյանի դուրս գալու մասին տեղեկությունը, ինչը այլ պարագայում իհարկե կդիտվեր որպես քաղաքական նշանակալի լուր:
Դավիթ Շահնազարյանը հերթական նշանակալի դեմքն է, որ խզում է հարաբերությունը Կոնգրեսի հետ: Կասկած չկա, և դա են փաստում նաև սոցիալական ցանցերում առկա տրամադրությունները, որ Շահնազարյանն ու նրա մոտեցումները որակվելու են որպես ամենամեղմ դեպքում՝ սխալ, իսկ առավելագույնը՝ դավաճանություն և ծախվածություն: Ընդհանրապես, Հայ ազգային կոնգրեսից քաղաքական որոշ դեմքերի և կուսակցությունների տարանջատման գործընթացը բացի էմոցիոնալ ընկալումներից, այլ` առավել լուրջ քաղաքական դիտարկման չի ենթարկվում: Առավելագույնը, որ արվում է, հետևյալ կարգի դիտարկումներն են. «իսկ ինչո՞ւ նա այս ժամանակ այսպես…», կամ՝ «իսկ չէ ՞որ երբ այն ժամանակ այնպես…», ու մոտավորապես այդ կարգի հարցադրումներ, որոնց նպատակը ընդամենը հեռացողներին «ծուղակը» գցելն է: Մինչդեռ հարց, թե` արդյոք հենց ինքը` Կոնգրեսը, որպես կառույց, չի՞ հայտնվել ծուղակում, կոնգրեսական շրջանակների կողմից կարծես թե չի բարձրանում: Երբ այդ հարցերը չեն բարձրացնում Կոնգրեսի, այսպես ասած, քաղաքական լիդերները, դա հասկանալի է: Նրանց համար հարցերը երբեք էլ չեն եղել աշխատանքի ոճ, նրանք առաջնորդվում են շարքերի անվերապահ հավատի տեսությամբ՝ հավատացեք մեզ, և ամեն ինչ լավ կլինի, իսկ ով չի հավատում, նա դավաճան է կամ խառնակիչ:
Քաղաքական նոմենկլատուրայի համար սա երևի թե նորմալ մոտեցում է հայաստանյան ավանդույթների և քաղաքական մտածողության շրջանակում: Սակայն հանուն քաղաքացիական, ժողովրդավարական արժեքների պայքարողի համար այս մոտեցումը ոչ միայն նորմալ չէ, այլև պետք է լինի թերևս վտանգավոր: Սակայն հարցադրումները Կոնգրեսում շարունակում են լռել: Շարքերը շարունակում են ընդունել հավատի մարտավարությունը, ինչը ըստ էության պարադոքսի է հանգեցնում՝ ծաղրել հավատի վրա հիմնված իշխանական կարգախոսները, բայց սեփական դաշտում առաջնորդվել նույն այդ կարգախոսով: Հենց այդ հավատի հիմքով էլ դատողություններ են արվում հեռացողների վերաբերյալ. ով չհավատաց` նա թուլակամ է:
Իրականում Հայ ազգային կոնգրեսը հասավ այն տրամաբանական հանգրվանին, որից անհնար է խուսափել, երբ ամեն ինչ կառուցվում է անհատի պաշտամունքի սկզբունքով: Երբ չկա միավորող այլ` ավելի հզոր, միևնույն ժամանակ կենսունակ և առնվազն ընդդիմադիր համակարգում գործող արժեք և գաղափար, անհատի պաշտամունքը, հավատի ոճը հանգեցնում են լճացման, փակուղու, որից դուրս գալու ելքն արդեն ամեն մեկն ընտրում է յուրովի, որովհետև չկա ելքի որոնման ինստիտուցիոնալ մեխանիզմ, որը կարող էր ամբողջ Կոնգրեսը դուրս բերել փակուղուց և վերադարձնել այն քաղաքացիական ճանապարհի, որում Կոնգրեսը մտադիր էր կանգնել ամենասկզբում:
Ի վերջո, կարելի է քննարկել՝ հեռացողնե՞րն են ճիշտ, թե՞ մնացողները, կամ նրանցից ով և երբ է ճիշտ եղել, կարելի է նրանցից յուրաքանչյուրին խառնակիչ ու ծախված որակել, սակայն առանցքային խնդիրը, այսինքն` գործընթացն ինքնին դրանից չի փոխվում: Դրանով ընդամենը ինքնապաշտպանվում են Կոնգրեսի, այսպես ասած, լիդերները` պահպանելով իրենց «սրբազան» դիրքերը կառույցում:









































