Իտալիայի ափերի մոտ կործանված Costa Concordia զբոսաշրջային նավի կապիտանը հայտարարել է, որ աղետը (զոհվել էր 30 մարդ) ավելի սարսափելի կլիներ, եթե չլիներ «Աստծո ձեռքը», որը ղեկավարել է իրեն: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:
Այս զարմանալի հայտարարությունը Ֆրանչեսկո Սկետտինոն արել է անմիջապես այն բանից հետո, երբ դատարանը երեկ նրան ազատեց տնային կալանքից, որի տակ գտնվում էր հունվարի 17-ից` նրան արգելելով միայն դուրս գալ հայրենի Մետա դի Սորենտո քաղաքից (Նեապոլի հարավ):
Կապիտանի խոսքով, պետք է շեշտը դնել ոչ թե այն բանի վրա, թե որքան մարդ է մահացել, այլ նրա, թե որքան է փրկվել շնորհիվ իր ինտուիցիայի ու արագ ռեակցիայի:
«Եթե ես շարունակեի ճանապարհը, ապա նավաքիթը կհարվածեր քարերին: Ահա դա կլիներ զանգվածային սպանություն: Անկասկած, իմ գլխին դիպել է Աստծո ձեռքը»,- գրել է նա իր փաստաբանին ուղղված նամակում` բերելով Մարադոնայի հայտնի փաստարկը:
«Կան այնպիսիները, որ ասում են` բախման պատճառ է դարձել այն, որ ես տառապել եմ տեսիքլներից: Ի՛նչ տեսիքլ։ Աշխատել են իմ բնազդները, փորձը, ծովի իմացությունը և ուղին կտրուկ փոխելը»,- ասել է նա:
«Ես առավելագույն պայմաններ եմ ստեղծել բոլոր նրանց փրկության համար, անկախ նրանից, թե ինչպես են զարգացել իրադարձությունները»,- ասել է նավի կապիտանը:
Costa Concordia-ն խորտակվել է Տիրենեյան ծովում` Ջիլո կղզու մոտակայքում: Նավում գտնվել է 4.2 հազար մարդ: Աղետի հետևանքով զոհվել էր 32 մարդ:







































