1958 թ. նյույորքյան The Paris Review գրական ամսագրին տված հարցազրույցում ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյը (1899-1961) խոստովանել է, որ իր հայտնի «Հրաժեշտ զենքին» վեպի վերջնամասը վերաշարադրել է 39 անգամ:
Ինչպես պարզել է գրողի թոռը` Շոն Հեմինգուեյը, որը մանրամասն ուսումնասիրել է պապի ձեռագրերը Բոստոնի Քենեդու անվան նախագահական գրադարանում, իրականում վեպի վերջնամասերն ավելի շատ են եղել` 47-ը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դրանցից որոշները բաղկացած են ընդամենը 1-2 կարճ նախադասություններից, մյուսները` մի քանի պարբերությունից:
Դրանք բոլորը պետք է հավաքվեն վեպի նոր հրատարակության մեջ, որը պետք է հրապարակվի հաջորդ շաբաթ ամերիկյան Scribner հրատարակչատան կողմից:
Ինչպես հաղորդել է The New York Times-ը, 330-էջանոց հրատարակության մեջ կներառվեն նաև վեպի սևագրերը, Հեմինգուեյի կազմած տարբերակների ցանկն ու դրա անվանումները:
Մասնավորապես, գրողը մտածում էր այնպիսի անվանումների մասին, ինչպիսիք են «Սերը պատերազմի ժամանակ», «Վերքերի ու այլ բաների մասին»:
«Կարծում եմ` մարդկանց, որոնք զբաղվում են գրական գործունեությամբ, հետաքրքիր կլինի հետևել այդ մեծ ստեղծագործության ստեղծման գործընթացին»,- նկատել է Շոն Հեմինգուեյը:
Եթե հեղինակը ընտրեր ավարտի այլ տարբերակ, վեպը կարող էր լինել ավելի տխուր կամ հակառակը` ավելի լավատեսական:
«Հրաժեշտ զենքին» վեպը հրատարակվել է 1929 թ. և սիրո ֆոնի վրա պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի մասին:










































