1820թ. այս օրը (հուլիսի 18-ին) Կ.Պոլսում ծնվեց հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1838–ից) Ղևոնդ Ալիշանը:
Եղել է Ֆրանսիայի ակադեմիայի Պատվո լեգեոնի դափնեկիր (1886), Ենայի փիլիսոփայական ակադեմիայի պատվավոր անդամ և դոկտոր, անդամակցել է իտալական և ռուսական գիտական ընկերությունների։
Շարունակելով Մխիթարյանների գրական ավանդները՝ սկզբում գրել է կրոնական թեմաներով, գրաբարով։ 1847-1860թթ. «Բազմավեպ»–ում Նահապետ ստորագրությամբ Ալիշանը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ և պոեմներ («Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», «Մասիսու սարերն», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա»), որոնք նրա պոեզիայի բարձրակետն են։
Ալիշանը իր ուժերը փորձել է նաև գեղարվեստական արձակում՝ հրատարակելով «Յուշիկք հայրենեաց հայոց» պատմագեղարվեստական ստեղծագործությունը։ Տիրապետելով եվրոպական ու ասիական բազմաթիվ լեզուների՝ Ալիշանը կատարել է մի շարք թարգմանություններ։ Նա եղել է հայ ժողովրդական բանարվեստի առաջին գնահատողներից և բանահավաք–ուսումնասիրողներից։
Իր լավագույն ստեղծագործություններով Ալիշանը հաղթահարել է կլասիցիզմը և ուղի հարթել ռոմանտիզմի համար՝ դառնալով այդ ուղղության հիմնադիրներից մեկը հայ գրականության մեջ։ Ալիշանը կարևոր ներդրում ունի մի շարք հայ պատմիչների գործերի գիտական հրատարակման բնագավառում։
Ուշագրավ են Ալիշանի «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն»(1895) աշխատությունը, ուր հավաքել և գիտականորեն բնութագրել է հայկական բնաշխարհի ավելի քան 3400 բույսեր ու ծաղկատեսակներ։ Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։
Մահացել է 1901թ. նոյեմբերի 9-ին Վենետիկում ու թաղվել Սուրբ Ղազար կղզում։











































