«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը անդրադառնալով Ավանի թիվ 1 ընտրատարածքում հնարավոր նոր ընտրություններին՝ ասաց, որ իր առաջադրումը թիվ 1 ընտրատարածքում միանգամայն հնարավոր է:
Ըստ նրա` դեռևս շատ բաներ գնահատելու խնդիր կա, այդ թվում՝ ինչպիսին կլինեն ընդդիմադիր մյուս կուսակցությունների դիրքորոշումները, ինչպիսին կլինեն ընտրությունների որակի վերաբերյալ իրենց գնահատականները: «Այս հարցերը գնահատելուց հետո վերջնական որոշում կկայացվի, բայց այս պահի դրությամբ միայն կարող եմ ասել, որ միանգամայն հնարավոր է»,- հստակեցրեց Ստեփան Սաֆարյանը:
Գնահատելով Ռուբեն Հայրապետյանի մանդատից հրաժարվելու հայտարարությունը` նա ասաց, որ ստեղծված իրավիճակում նրա քայլն ադեկվատ էր: Ստեփան Սաֆարյանի խոսքով` ադեկվատ էր ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն է ստեղծվում նոր ընտրությունների: «Հաշվի առնելով հասարակական ճնշումը, նկատի առնելով իր հայտարարությունները հասարակության ներմանն արժանանալու կապակցությամբ` կարծում եմ, որ ադեկվատ, համաչափ հայտարարություն էր»,- նման կարծիք հայտնեց Ստեփան Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո հուլիսի 3-ին պատգամավորը հայտարարություն տարածեց ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Նշենք նաև, որ Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր էր ընտրվել թիվ 1 ընտրատարածքից:











































