Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում քննարկվում էր Եգիպտոսում վերջին զարգացումներից հետո ստեղծված իրավիճակը: Բանախոսներն էին ինստիտուտի Արաբական բաժնի ղեկավար, դոցենտ, պ.գ.թ. Շահեն Կարամանուկյանը, բաժնի ավագ գիտաշխատողներ պ.գ.թ. Արաքս Փաշայանը և պ.գ.թ. Լիլիթ Հարությունյանը:
Ինչպես նշեց բաժնի ղեկավարը, այսօր Եգիպտոսում տեղի են ունենում շատ հետաքրքիր զարգացումներ, որոնք լուրջ գործընթացների նախադրայլներ են ստեղծել: Միևնույն ժամանակ այսօրինակ շարժումները նորություն չեն Եգիպտոսի կյանքում: Բանախոսը նշեց, որ մինչև 1952թ., երբ Եգիպտոսը դադարեց միապետություն լինել, այդ երկրի քաղաքացիները հաճախ այս տիպի շարժումներով են լուծել ներքաղաքական խնդիրները: Այսինքն` եզրափակեց նա, այսօրվա զարգացումներն աննախադեպ չեն Եգիպտոսի նորագույն պատմության մեջ:
Շահեն Կարամանուկյանը նաև խոսեց այն կարծիքների մասին, համաձայն որի` Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հանդիսանում է ամերիկյան դրածո Եգիպտոսում: Կարամանուկյանը նշեց, որ դա ամենևին էլ այդպես չէ: Անշուշտ, ԱՄՆ-ն այս երկրում լուրջ շահեր ունի, և Մուբարաքը դիտվել է որպես այդ շահերը չվտանգելու երաշխավոր: Սակայն Մուբարաքը նաև հակասություններ է ունեցել ԱՄՆ տարբեր վարչակազմների հետ և կարևորագույն մի շարք խնդիրներում հակադրվել նրանց:
Խոսելով նաև Եգիպոտսում հետագա զարգացումների մասին` Շահեն Կարամանուկյանը նշեց, որ միանշանակ չի կարելի ասել, թե երկրում կլինեն այս կամ այն զարգացումները: Հետագա գործընթացներում բանախոսը կարևորում է թե՛ բանակի դիրքորոշումը, և թե ընդդիմության կայացրած որոշումները շարժման մարտավարության վերաբերյալ:
Մյուս բանախոսները ներկայացրին իրենց տեսակետները հեղափոխության սոցիալական և էթնոկոնֆեսիոնալ հենքի մասին` նշելով, որ վերջին զարգացումները և ծայր առած հուզումները հիմնականում ունեն սոցիալական բնույթ, իսկ կրոնաքաղաքական կազմակերպությունները, ինչպիսին է հատկապես «Մուսուլման եղբայրները», դրա հիմքում կանգնած չեն եղել:










































