Միջազգային ճգնաժամային խմբի նախօրեին հրապարակած զեկույցին անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց, որ այս զեկույցում բերված փաստական մասը չի համապատասխանում եզրակացությանը:
«Ես չեմ տեսնում պատերազմի վերսկսման հավանականությունը: Որպեսզի պատերազմ սկսվի, պետք է երեք կողմերից` ԼՂ, Հայաստան, Ադրբեջան, մեկի գերագույն հրամանատարի հրամանը, ինչը այսօրվա պարագայում անիրական է»,- կարծիք հայտնեց Իսկանդարյանը և հավելեց, որ անգամ շփման գծին տեղի ունեցող ամենալուրջ բախումները չեն հանգեցնում պատերազմի:
Իսկանդարյանի գնահատմամբ, ICG զեկույցի ստեղծման հենց սկզբից դրված է եղել պատերազմը հիմնավորելու խնդիրը. «Ես չեմ կարող ասել, թե ում հետաքրքրությունն է ներկայացնում այս զեկույցը, քանզի չեմ կարող դա հիմնավորել, բայց այն, որ փաստական մասը չի համապատասխանում եզրակացությանը, վկայում է, որ այս զեկույցի նպատակն ամենևին էլ իրավիճակի վերլուծությունը չէ»:
Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, եթե զեկույցը կազմողների նպատակն է պատերազմով վախեցնել կողմերին, որպեսզի վերջիններս գնան ինչ-որ քայլերի՝ միամիտ է, քանզի դա արդեն տարիներ շարունակ արվում է և այլևս որևէ կերպ չի ազդում կողմերի վրա. «Պետք չէ ամեն ինչ այսպես կացնային ձևով անել»:










































