Պոտսդամի դատախազությունը հրաժարվել է հետաքննել ԳԴՀ-ի տնտեսական համագործակցության ու զարգացման նախարար Դիրկ Նիբելի գործը, որին կասկածում են աֆղանական թանկարժեք գորգը Գերմանիա ներմուծելիս մաքսատուրքը չվճարելու մեջ:
Այս մասին հունիսի 26-ին հայտնում է Spiegel-ը: Նիբելին մեղադրել են ԵՄ-ի մեջ չմտնող երկրներից ապրանք ներմուծելիս օրենսդրությունը խախտելու մեջ:
Համաձայն գերմանական օրենսդրության` պետական մաքսատուրքի չվճարումը հավասարազոր է հարկերից խուսափելուն:
Դատախազությունում հայտարարել են, որ մեկշաբաթյա ուսումնասիրության արդյունքում դրանում ոչ մի հանցակազմ չեն հայտնաբերել:
Նախարարը գորգը ձեռք էր բերել Քաբուլ ուղևորության ընթացքում` դրա համար վճարելով 1120 եվրո:
Երբ պարզվել էր, որ հուշանվերի տեղափոխումը կարժենա 4000 եվրո, Նիբելը խնդրել էր գերմանական հետախուզության ղեկավար Գերհարդ Շինդլերին գորգը տեղափոխել վերջինիս սեփական ինքնաթիռով, ինչի հետևանքով և խուսափել էր մաքսատուրքի վճարումից:











































