Զինված անձինք հունիսի 27-ի առավոտյան ներխուժել են սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքի գրասենյակ, որին Սիրիայի ընդդիմությունը մեղադրում է կառավարամետ դիրքորոշման մեջ:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, հեռուստաալիքի երեք աշխատակիցներ սպանվել են: Հաստատության շենքում զինյալները պայթուցիկ են տեղադրել: Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ալ-Զեբին հայտնել է, որ պայթյունի հետևանքով հեռուստաընկերության լրատվական ստուդիան ամբողջությամբ փլուզվել է:
Հարձակումն իրականացվել է Դրուշա քաղաքում՝ Դամասկոսից 20 կմ հարավ: Հարձակումից շատ չանցած՝ հեռուստաալիքը վերականգնել է աշխատանքները:
Al-Ikhbariya-ն մասնավոր հեռուստաալիք է, սակայն, ընդդիմության պնդմամբ, այն հարում է իշխանություններին: Իր հաղորդումներում այն փորձում է դիմակայել ապատեղեկատությանը, որը վարում են արևմտյան և արաբական հեռուստաալիքները: Զինված ընդդիմության գործողությունները հեռուստաալիքը մեկնաբանում էր որպես դրսից աջակցվող ահաբեկչական դավադրություն:
Հարկ է նշել, որ ավելի վաղ հարձակման էին ենթարկվել այդ հեռուստաալիքի լրագրողները:










































