Լևոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի հունիսի 26-ի հանրահավաքին հայտարարեց, թե «ոմանք» փորձում են դեմ հանդես գալ «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ընդդիմություն անցնելուն և փորձում են այդպիսով վերականգնել իշխանության բուրգի մոնոլիտը և ԲՀԿ-ն դարձնել ՀՀԿ կցորդ, ինչին ձգտում է Սերժ Սարգսյանը: Այդ հայտարարությունը որոշակիորեն նենգափոխում է իրականությունը՝ առնվազն մի զգալի մասով: Տեր-Պետրոսյանն այդպիսով փորձում է Կոնգրես-ԲՀԿ համագործակցությանն ուղղված ընդդիմախոսությունը, հիմնականում՝ Կոնգրեսին հասցեագրված մասով, քանի որ այդպիսով Կոնգրեսը հանրային՝ թեկուզ նվազող ռեսուրսը, այնուհանդերձ, դնում է ԲՀԿ-ի տրամադրության տակ՝ նպաստելով Ռոբերտ Քոչարյան-ԲՀԿ ծրագրերի առաջընթացին, նենգափոխել և վերածել ՀՀԿ-ի պաշտպանության: Իրականում դրանք տարբեր բաներ են և ոչ մի կապ չունեն միմյանց հետ:
Բանն այն է, որ խնդիրը բոլորովին էլ ԲՀԿ-ին ՀՀԿ մղելը չէ, այլ ընդամենը այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը չդառնա Հայաստանի ընդդիմադիր դաշտը վերահսկող մի ուժ, որը իշխող համակարգի համար կհանդիսանա հանրային եռքը վերահսկելու գործիք՝ անկախ այն բանից, թե ով է ԲՀԿ-ի իրական շարժիչը՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռոբերտ Քոչարյանը: Սա է խնդիրը, որը Հայ ազգային կոնգրեսը փորձում է նենգափոխել և վերածել ՀՀԿ-ի պաշտպանության:
Իրականում խնդիրը հասարակությանը իշխող համակարգից պաշտպանելն է, հասարակության ձայնն ու տրամադրությունները իշխող համակարգի շահարկումներից պաշտպանելը, որովհետև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ինչպես հատկապես ցույց տվեցին խորհրդարանական ընտրությունները, իրականում շարունակում է իշխանության համակարգի խաղը, և այն տարաձայնությունները, որ կան ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, իրականում ոչ թե իշխող համակարգի որակի և գաղափարական ու արժեքային բովանդակության, այլ ընդամենը բիզնես քվոտաների և լծակների համար են: Հետևաբար, եթե խոսք է գնում իշխող համակարգի պաշտպանության մասին, ապա դրանով ներկայումս ավելի շատ զբաղված են Տեր-Պետրոսյանն ու նրա գլխավորած Կոնգրեսը, որոնք փորձում են լրացնել հասարակական-ընդդիմադիր դաշտի տրամադրությունների վերահսկող դառնալու ԲՀԿ-ի ջանքերը: Թե ինչ է ապահովում ԲՀԿ-ն այդ լրացման դիմաց Կոնգրեսի համար՝ դժվար է ասել, բայց որ Կոնգրեսը ներկայումս ինտենսիվորեն լծված է ԲՀԿ-ի շահերի սպասարկմանը՝ ակնհայտ փաստ է:
Մյուս կողմից, սակայն, երբ փորձում ենք գնահատել, թե ուրիշ ինչ կարող է անել Հայ ազգային կոնգրեսը ներկայումս, ապա հասկանում ենք, որ Կոնգրեսը ներկայումս անելու այլ բան չունի, քանի որ այն կազմը, որ ներկայումս դոմինանտ է Կոնգրեսում, ի վիճակի չէ որևէ բան անել՝ քաղաքական ինտրիգների և տարբեր կալիբրի գործարքների հորձանուտ մտնելուց բացի:
Հայաստանում ներկայումս, թեև միշտ էլ եղել է, մի իրավիճակ է, երբ քաղաքական ուժը որևէ բան անելու, որևէ գործընթաց թելադրելու համար կա՛մ պետք է քաղաքացիական մեծ աջակցություն ունենա, կա՛մ էլ ստիպված է լինելու խաղալ այն խաղը, որը կթելադրեն ավելի շատ փող և իշխանություն ունեցող ուժերը: Քաղաքացիական աջակցությունը Կոնգրեսը կորցրել է վաղուց, ընդ որում՝ չի բացառվում նաև, որ կորցրել է գիտակցաբար: Համենայնդեպս, Կոնգրեսի ներկայիս, այսպես ասած, «վերնախավի» ճնշող մեծամասնությունը գործիչներ են, որոնք քաղաքացիականության հետ երբեք կապ չեն ունեցել և չունեն: Բնական է, որ նրանք չեն կարող քաղաքական ուժին այլ կուրս թելադրել, քան մերձքաղաքական տարատեսակ գործարքները, քանի որ դրանք են միայն համարժեք այդ մարդկանց մոտ շարունակաբար ձևավորված պատկերացումներին: Պատահական չէ, որ այդ խավը հետևողականորեն մսխեց գործարքային քաղաքականությանը խոչընդոտող քաղաքացիական ռեսուրսը՝ պահելով միայն անհատի պաշտամունքի ինստիտուտը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































