Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ ներկայում ղեկավարման վարչապետական համակարգ ունեցող Թուրքիան 2014 թվականին անցում է կատարելու ղեկավարման կիսանախագահական համակարգին.
«Դրանք լոկ խոսքեր չեն: 2014 թվականին երկրում սպասվում են նախագահական ընտրություններ, երբ նախագահն արդեն ընտրվելու է ժողովրդի կողմից (մինչ այս նախագահին ընտրում էր խորհրդարանը.- 1in.am), և այդ ընտրություններից հետո նոր Սահմանադրությամբ Թուրքիան կդառնա կիսանախագահական երկիր: 89 տարվա ընթացքում Թուրքիայի Հանրապետությունն ունեցել է 61 կառավարություն:
Մինչդեռ եթե Թուրքիայում տիրեր նախագահական համակարգը, ապա այսօր կունենայինք 17 նախագահ (Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի 11-րդ նախագահն է.- 1in.am): Բացի այդ, իրականում 61 կառավարություն հիմնելու համար անհրաժեշտ է 305 տարի (մեկ կառավարությունը՝ 5 տարվա հաշվարկով): Ղեկավարման նախագահական համակարգին անցում կատարելը չի նշանակում բռնապետության հաստատում»:









































