«ՀԺ»-ն գրում է, որ հունիսի 21-ին Դեմիրճյան փողոցի կողմից ՀՀ Աժ շենքի մոտ նախկին քաղբանտարկյալ, Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիի հետ կատարված միջադեպի առնչությամբ ոստիկանությունում սկսված հետաքննությունը դեռևս շարունակվում է:
«ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից ասացին, որ գործի հետ կապված ոչ մի նորություն դեռևս չկա: Նշված օրը Վարղգես Գասպարին «Հարսնաքար» համալիրում զինվորական բժիշկներին ծեծելու միջադեպի առնչությամբ բողոքի ակցիա էր անում Աժ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ: «Ռուբեն Հայրապետյան՝ մարդասպան» մակագրությամբ պաստառը ձեռքին նա կանգնել էր խորհրդարանի մուտքի մոտ: Աժ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, ԱԺ մտնելիս տեսնելով նրան, խլել էր Գասպարիի պաստառը և պատռել: Իսկ մեկ այլ անձ, որը, ենթադրվում է, եղել է այս օլիգարխի թիկնապահը, Գասպարիին հրել և գցել էր գետնին:
Այդ ամենը տեղի էր ունեցել ոստիկանների աչքի առաջ, սակայն վերջիններս չէին միջամտել: Այս միջադեպի շուրջ աղմուկ բարձրացավ «Ա1+» հեռուստւսընկերության կայքում կատարվածի տեսագրությունը հրապարակելուց հետո: Թվում էր, թե ամեն ինչ շատ պարզ է, եղել է միջադեպ, կա տեսագրություն, որտեղ հստակ երևում է, թե ով ինչ է արել: Սակայն, պարզվում է, ՀՀ ոստիկանությունում այդ տեսագրությունը դեռևս չեն կարողանում «վերծանել»:
Մեր տեղեկություններով, սակայն, այս դադարը այլ պատճառներ ունի. Սամվել Ալեքսանյանը և նրա մերձավորները վերջին օրերին փորձում են պարզել, թե «Ա1+»-ի տեսագրությունը կատարած լրագրողը և օպերատորը ովքեր են: Ենթադրվում է, որ նրանց ինքնությունը ճշտելուց հետո պետք է փորձեն համոզել, որպեսզի նրանք միջադեպը հերքող ինչ-որ բացատրություն գրեն, և դրա հիման վրա հնարավոր լինի գործը «ջրել»»:










































