ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման մեջ պետք է ներքաշված լինեն այդ երկրի ինչքան հնարավոր է շատ հարևաններ, այդ թվում՝ Իրանը:
«Ես կարծում եմ, որ ինչքան շատ Սիրիայի հարևաններ ներքաշված լինեն կարգավորման գործընթացի մեջ, այնքան ավելի լավ»,- ասել է Պուտինը լրագրողներին՝ Մերձավոր Արևելք կատարած այցի ավարտից հետո:
Պուտինը հիշեցրել է Աֆղանստանի և այլ հարցերով Իրանի հետ համագործակցության մասին:
«Դա չպետք է կապվի իրանական միջուկային ծրագրի խնդրի հետ, դա առանձին թեմա է: Այդ պատճառով, իմ կարծիքով, ավելի լավ կլինի Իրանին ներքաշել այդ կարգավորման մեջ և ապահովել նրա աջակցությունը: Ավելի լավ կլիներ, եթե Սիրիայի ներսում մարդիկ կարողանային պայմանավորվել միմյանց հետ, իսկ բոլոր հարևան երկրները, որոնք կարող են ազդել իրավիճակի վրա, երաշխավորեին այդ պայմանավորվածությունները»,- ասել է նախագահը:





































