Պարագվայի նոր նախագահ Ֆեդերիկո Ֆրանկոն իր գլխավոր խնդիրը տեսնում է երկրում քաղաքացիական պատերազմ թույլ չտալու մեջ: Այս մասին նա հայտարարել է լրագրողներին՝ երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց մի քանի օր անց:
«Իմ գլխավոր պարտականությունը քաղաքացիական պատերազմ թույլ չտալն է»,- հայտարարել է Ֆրանկոն՝ նշելով, որ երկրում կայուն իրավիճակ է պահպանվում:
Անցած ուրբաթ Պարագվայի խորհրդարանն իշխանությունից հեռացրել էր օրենքով ընտրված նախագահ Ֆերնանդո Լուգոյին՝ մեղադրելով նրան իր պարտականությունները չկատարելու մեջ:
Իր հերթին Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Խոսե Միգել Ինսուլսան այսօր հայտարարել է, որ Պարագվայում երկխոսություն սկսելու հիմք է տեսնում, սակայն նշել է, որ դա հեշտ չի լինելու՝ ելնելով խորհրդարանի գործողություններից: Միևնույն ժամանակ նա հաստատել է, որ Պարագվայում իրավիճակը շարունակում է խաղաղ մնալ, և բռնության կիրառում տեղի չի ունեցել:
Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնությունը չի ճանաչել Պարագվայի նոր կառավարությանն՝ տեղի ունեցածն անվանելով «պետական հեղաշրջում»: Մի շարք երկրներ հետ են կանչել իրենց դեսպաններին:











































