Իշխանությունները տարիներ շարունակ թալանել են սեփական ժողովրդին՝ միաժամանակ խորհրդարանում ներկայանալով որպես նրա ճակատագրով մտահոգ ղեկավարներ: Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
«Այս իշխանությունների կառավարման տարիները եղել են աղքատության, արտագաղթի ժամանակաշրջան: Ավելորդ չեմ համարում ասել, որ մենք պետք է անվստահություն հայտնենք այս իշխանություններին՝ ի դեմս նրա գլուխ հանդիսացող Սերժիկ Սարգսյանին:
ԱԺ-ում ՀԱԿ-ի 7 պատգամավորների ձայնը զորեղ է, ոչ միայն նրա համար, որ ճշմարտության ձայնն է: Բոլորը գիտեն, որ մեր հետևում կանգնած է ժողովուրդը: Իշխանությունները մեզանից լավ գիտեն՝ քանի ձայն են կեղծել ընտրությունների ժամանակ: Բայց ինչ էլ լինի, Ազատության հրապարակը պետք է շարունակի շնչել: Եթե ինչի-որ բան կարող ենք անել, ապա միայն ժողովրդի ուժով:
Առջևում նախագահական ընտրություններ են, որոնք չափազանց վճռորոշ են լինելու: Ստեղծվել է շատ ռեալ հնարավորություն ԱԺ-ում ռեժիմի դեմ միավորելու շահագրգիռ ուժերին, և ՀԱԿ-ը միակ ուժն է, որ կարող է լինել այս գործի լոկոմոտիվը: Աշնանը մենք պետք է պատրաստ լինենք բախտորոշ որոշումներ կայացնել՝ ռեժիմին մահացու հարված նախապատրաստելու համար: Մեզանից մի բան է պահանջվում՝ պահպանել միասնականությունը, շարժման ոգին, վճռականությունն ու մարտունակությունը»,- ասաց նա:







































