Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ), հետախուզությունների դաշնային բյուրոյի (FBI) և այդ տիպի մյուս ամերիկյան կառավարական գերատեսչությունների աշխատակիցներին ստի դետեկտորի թեստերի միջոցով կհարցնեն՝ արդյո՞ք նրանք գաղտնի տեղեկություն չեն փոխանցել լրագրողներին:
Այս մասին, ինչպես հաղորդում է The Hill-ը, հայտարարել է Ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Քլափերի մամուլի քարտուղար Շոն Թըրները:
The New York Times-ը գրում է, որ նման հարցեր կտրվեն ոչ միայն ծառայության անցնելիս, այլև ցանկացած պահի, երբ նման անհրաժեշտություն կառաջանա: Արտահոսքի դեմ պայքարելու համար նաև այլ միջոցառումներ են նախատեսվում: Մասնավորապես, ինչպես հաղորդում է The Wall Street Journal-ը, Քլափերը կարգադրել է վերանայել լրագրողների և գերատեսչությունների աշխատակիցների հարաբերությունները կարգավորող կանոնները: Ակնկալվում է, որ այդ կանոնները կխստացվեն:
Բարաք Օբամայի վաչակազմը արտահոսքի դեմ պայքարը որոշել է ուժեղացնել այն բանից հետո, երբ 2012 թ. գարնանը մամուլում տեղվկություն հրապարակվեց ԱՄՆ գաղտնի գործողությունների մասին: Մասնավորապես, հաղորդվում էր, որ Օբաման անձամբ է ահաբեկիչներից ընտրում նրանց, ում պեք է հարված հասցվի անօդաչու սարքերից: Մեկ այլ հրապարակման մեջ ասվում էր, որ պաշտոնավարության առաջին մի քանի ամիսների ընթացքում նախագահը կարգադրել է ակտիվացնել կիբերհարձակումները այն համակարգչային համակարգերի վրա, որոնք կապ ունեն Իրանի միջուկային ծրագրերի հետ:
ԿՀՎ-ն, ՀԴԲ-ը և արդարադատության նախարարությունը այդ և այլ թեմաների վերաբերյալ ստուգումներ են անցկացրել: Որոշ հանրապետականներ, մասնավորապես Ջոն Մաքքեյնը, Օբամայի վարչակազմին մեղադրել են դիտավորյալ կերպով լրագրողներին տեղեկություն փոխանցելու մեջ:
Քննադատների կարծիքով՝ նման արտահոսքերի հիման վրա արված հրապարակումները նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ Օբամայի համար ապահովել են ուժեղ և վճռական քաղաքական գործչի իմիջ:












































