Դաշնային խտրականության և ճնշումների մասին Գլենդելի ոստիկանության ներկայիս 4 և նախկին 1 ծառայողների համատեղ հայցը տեղի ոստիկանական բաժանմունքի դեմ վարույթ կընդունվի։ Այս մասին հաղորդում է Glendale News Press-ը: Անցած շաբաթ դատավորը հրաժարվել է չեղյալ հայտարարել նրանց պահանջները, չնայած որոշ կետեր, որոնք ուղղված էին ոստիկանության հրամանատարներին, չեղյալ են հայտարարվել:
Ոստիկանության ծառայողներ Վահագ Մարդիկյանը, Ջոն Բալյանը, Տիգրան Թոփաջիկյանը, Ռոբերտ Փարսեղյանը և նախկին աշխատակից Բենի Սիմոնզադը համատեղ դատական հայցը ներկայացրել էին 2010-ին՝ ընդդեմ քաղաքի և ոստիկանության բաժանմունքի՝ հայտարարելով, որ աշխատանքի ընթացքում իրենք ենթարկվել են խտրականության, ճնշումների: Պատճառը եղել է այն, որ իրենք հայ են:
Սույն թվականի մարտին Մարդիկյանը, Բալյանը և Թոփաջիկյանը, առանց մյուսների, կրկին համատեղ հայց էին ներկայացրել Լոս Անջելեսի գերագույն դատարան՝ բարձրաձայնելով շարունակվող ճնշումների մասին:
Դատավորը հայտնաբերել է պոտենցիալ համապատասխան վարքագծի վառ ապացույց. ոստիկանության բաժանմունքի բրիֆինգ սրահում հուշագիր է փակցված, որը ծաղրում է Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությունները:
Դատարանը նաև ուշադրություն է դարձրել հայցվորների այն հայտարարություններին, ըստ որոնց՝ իրենք եղել են խիստ վերահսկողության տակ հայ լինելու պատճառվ:
Մարդիկյանը հայտարարել է, որ ղեկավարությունը մասնավոր հետաքննիչ է վարձել՝ իրեն վերահսկելու համար:











































