Այսօր՝ հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից News.armeniatv.com-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սահակյանը Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել է հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին:
Սպանությունը կատարելուց հետո Վլ. Սահակյանը մեկ այլ դանակով կտրել է իր կոկորդը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երկուսն էլ մահացել են:
Ոստիկանները տանը հայտնաբերել են արյունոտված 2 դանակ, որոնք առգրավվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ դանակներից մեկով սկեսրայրը սպանել է հարսին, իսկ մյուսով՝ կտրել իր կոկորդը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ հարսին սպանելուց առաջ Վլ. Սահակյանը դռան մուտքի մոտ տեղադրված թախտին պառկած է եղել, իսկ հարսը լվացքը փռելուց է եղել հողամասում: Այդ ժամանակ Վլ. Սահակյանը հարձակվել է հարսի վրա և դաշույնատիպ ինքնաշեն դանակով երկու անգամ հարվածել: Եվ երբ տանեցիները աղմուկի վրա մոտեցել են նրանց, Վլ. Սահակյանը եկել և նստել է հողամասում տեղադրված բազկաթոռին:
Մինչ տանեցիները կփորձեին օգնություն ցուցաբերել արնաքամ եղած հարսին, սկեսրայրը կոշկակարի դանակով կտրում է իր կոկորդը:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացած հարսը ուներ 4 երեխա՝ 2 տղա 18 և 15 տարեկան, և 2 աղջիկ՝ 14 և 12 տարեկան: Նրա ամուսինը մահացել էր 6 տարի առաջ:
Ստեղծվել է օպերատիվ խումբ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանի գլխավորությամբ:
Շամշյանը հայտնել է, որ այս պահին նշված հասցե է ժամանել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ Մասիսի ոստիկանապետ Համլետ Ղամբարյանի գլխավորությամբ, իսկ օպերատիվ-քննչական խմբում ներգրավված են նաև Արարատի մարզի քրեական հետախուզության բաժանմունքի մի քանի աշխատակիցներ՝ բաժանմունքի պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի











































