Այսօր քաղաքական դաշտում «Ղարաբաղ» կոմիտեի որևէ անդամի կարիքը չկա։ Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ Անդրադառնալով շուրջ մեկ ամիս առաջ ձևավորված ֆեյսբուքյան «Ելք» խմբին և խմբի անդամների պահանջին՝ նա նաև ասաց, որ Վանո Սիրադեղյանին, որպես գրողի, որպես պետական գործչի, վերաբերվում է համակրանքով։ Բազմամյա փորձ ունեցող լրագրողը կցանկանար, որ Վանո Սիրադեղյանը վերադառնար և Հայաստանում աշխատեր, որպես հասարակական գործիչ և որպես գրող, ոչ որպես քաղաքական գործիչ։
«Շատ լավ կլիներ, եթե նա վերադառնար և կանգներ դատարանի առաջ, ապացուցեր իր անմեղությունը»,- ցանկություն հայտնեց Արամ Աբրահամյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե Վանո Սիրադեղյանի վերադարձն ամենակարևոր խնդիրն է մեր հասարակության համար։
Հարցին, թե ինչու, պատասխանեց. «Թող ինձնից չնեղանան, սակայն ես կարծում եմ, որ «Ղարաբաղ» կոմիտեի որևէ անդամի կարիք այսօր քաղաքական դաշտում չկա։ Ո՛չ Սիրադեղյանի, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Վազգեն Մանուկյանի, ո՛չ Մանուչարյանի, ո՛չ մեկի։ Նրանք արդեն հնացել են. 88-90 թվականների մտածելակերպը, մեթոդներն այսօր այլևս ակտուալ չեն»։
Նշենք, որ «Ելք» ֆեյսբուքյան խմբին անդամակցում է արդեն շուրջ 800 մարդ։ Նրանց պահանջն է Վանո Սիրադեղյանի վերադարձը։ Խմբում կազմակերպվում է նաև ստորագրահավաք՝ նույն պահանջով։









































