Անդրադառնալով այն հարցին, թե որքանով է հավանական պատերազմի վերսկսումը, որի մասին մտահոգություն են արտահայտել ՄՃԽ զեկույցի հեղինակները, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանն ասաց.
«Բնական է, որ միջազգային հանրությունը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները, նման մտահոգություն է արտահայտում»: Վլադիմիր Կարապետյանի հավաստմամբ` Միջազգային ճգնաժամային խումբը բավականին ճանաչված է և նրա զեկույցները արձագանք են գտնում աշխարհի շատ մայրաքաղաքներում: Պատերազմի վերսկսման մասին անդրադարձը մեր զրուցակիցը համարում է կոչ երկու կողմերին և միջնորդներին` ձեռնպահ մնալու իրավիճակի լրացուցիչ լարումից: Այդ արձագանքը մեր զրուցակիցը պայմանավորում է ադրբեջանական կողմի հարձակումներով և սահմանի խախտման դեպքերով:
Վլադիմիր Կարապետյանն ուշադրություն է դարձնում, որ բանակցությունները երկու երկրների միջև դադարել են, և Աստանայից հետո որերորդ ամիսն է, ինչ չկա որևէ շփում ոչ մի մակարդակով: Մեր զրուցակիցը մտահոգիչ է համարում բանակցություններում առաջացած վակուումը: Նա այդ ամենը համարում է Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հետևանք, որը տանում է լրացուցիչ մեկուսացման: ՀԱԿ ներկայացուցչին մտահոգում է նաև, որ անցյալ տարի նվազել են Հայաստան կատարած բարձրագույն մակարդակով այցերը:











































