ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը կոչ է անում համբերատար կերպով հետևել «Հարսնաքարի» դեպքի կապակցությամբ ընթացող նախաքննությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ կա ծեծի փաստը, մարդիկ ծանր վնասվածքով հիվանդանոցում են, պետք է սպասել և հետևել: Նրա խոսքով՝ կա արդարադատություն, որը կպատժի մեղավորներին, իսկ մնացածը պետք է զբաղվեն իրենց գործով:
«Մարդկանց ազատությունը չպետք է խանգարել, քանի որ դա պարտադրված է դիմացինի ազատությամբ»,- ասաց Հ. Հակոբյանը` մնացածը թողնելով իրավապահ մարմիններին և չհամաձայնելով, թե պետք է գնահատական տալ կատարվածին. «Որպես քաղաքացի՝ կարող եմ ասել, որ շատ վատ միջադեպ է եղել: Նման միջադեպ կարող է լինել ցանկացած ռեստորանում: Դուք մեր հայերին չգիտե՞ք»:
«Ժառանգություն» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ թիկնազորի մասին ընդունված օրենքը արդյունք չտվեց, օլիգարխների թիկնապահների թիվը չպակասեց. «Դա ՀՀԿ խնդիրն է և՛ որպես իշխող կուսակցություն, և՛ որպես կուսակցություն, որին անդամակցում են տվյալ անձինք»:
Ըստ նրա՝ նման իրավիճակները համակարգի խնդիրն են, և ամբողջ ողբերգությունը գալիս է անպատժելիության մթնոլորտից. «Մի չբացահայտված դեպքը բերում է մյուսը»:










































